2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Գերիներին գլխաքանակով չէինք հաշվում

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ զրույցի առիթը օրեր առաջ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարազատների բողոքի ակցիան էր։ Նրանք փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելով փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին։ Ադրբեջանում նրա գործով դատավարությունը սկսվել նոյեմբերի 6-ին։ Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանում՝ «զենքի ու պայթուցիկի կիրառմամբ ահաբեկչական փորձ կատարելու մեջ։

Հայկական կողմը հերքում է այդ պնդումը։ Խնդրին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ո՞ւմ դեմ էր ուղղված էդ ակցիան։ Եթե դա Ադրբեջանի իշխանության գործողությունների դեմ էր, ինչո՞ւ է էդ դեպքում փակվում էն ճանապարհը, որի ընդհանրապես փակումն Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն էր»։ Ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարությունը մամուլի միջոցով առաջարկել է փոխանակել գերիներին՝ բոլորին բոլորով սկզբունքով։

Epress.am-ի զրուցակից Վարդան Հարությունյանն ինքը գերիների փոխանակման փորձ ունի դեռևս այն ժամանակներից, երբ դժվար էր պատկերացնել, որ հակամարտությունը նման ծավալների կհասնի։ Իրավապաշտպանը սկսել է գործել ԽՍՀՄ օրոք, ձեռբակալվել է՝ համալրելով սովետական ռեժիմի քաղբանտարկյալների երկար ցանկը։