2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Էլեկտրամոբիլներն ազատվում են մաքսատուրքից

Էլեկտրամոբիլների ներմուծողները կազատվեն մաքսատուրքից․ սկզբանական փուլում արտոնությունը կտարածվի 6400 էլեկտրամոբիլների վրա։

Ֆիզիկական անձանց համար որոշումը հետադարձ ուժ կունենա, այսինքն՝ 2022 թ.-ի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաները նույնպես կազատվեն մաքսատուրքից։

«Մարդիկ, որոնք ներմուծել են և մաքսատուրք են վճարել, կարող են նոր հայտարարագիր լրացնել և ստանալ իրենց վճարած գումարները։ Իրավաբանական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար», - կառավարության այսօրվա նիստին նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Մինչ այս էլեկտրամոբիլների ներմուծման համար 12,5 % մաքսատուրք էր սահմանված։

Էլեկտրամոբիլների ներմուծումն ազատված է նաև ԱԱՀ-ից։

Հիշեցնենք՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 մարտի 17-ի որոշմամբ Հայաստանին 2022 թվականի համար հատկացվել է էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 7000 չափաքանակով, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 % դրույքաչափ։

Էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման առաջին փուլում, ըստ նախագծի հիմնավորման, ներմուծման մաքսատուրքից կազատվեն 6400 էլեկտրամոբիլներ, անկախ նրանից՝ ֆիզիկական թե իրավաբանական անձ է դրանք ներմուծում։ Մնացած 600 էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից և դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծողներին՝ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։