2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բոլորը չդարձան բիզնեսմեն. ռեպորտաժ Շամշադինից

Գնում ենք Բերդ նոր կառուցվող «սարի» ճանապարհով՝ ոչ թե Իջևանով, այլ Ճամբարակով։ Անընդհատ կանգնում ենք։ Բերդեցի կանայք, որ Երևան էին եկել դեմքի երիտասարդացման պրոցեդուրաների, ճանապարհին առևտուր են անում․ Սևանից՝ ձուկ, Այգեհովիտից՝ պանիր, Եղիշավանից՝ ռեժան, ուրց։ Ճանապարհին քննարկում են բնությունը, ասֆալտապատման որակը, թուրքական սերիալները, ընդհանուր ծանոթներին, նրանց երեխաներին։ Վարորդը ամենասկզբից զգուշացնում է, որ քաղաքականությունից խոսող պասաժիրների չի սիրում։ Մի անգամ ուղևորին ճամփի կեսից է իջեցրել, դրանից հետո զանգերին էլ չի պատասխանում։ Բայց հենց ինքն էլ սկսում է․ «Միակ բանը, որ այս կառավարությունը հաջողել է՝ ասֆալտ փռելն է»։ Նորակառույց ճանապարհն անցնում ենք հարթ ու արագ։ Ասֆալտից հետո գալիս է պատերազմի ու բանակի թեման։

«Նոյեմբերի 9-ի պայմանագիրը ստորագրեցին, բայց մեր վաշտը մինչև ամսի 30-ը մնաց, դուրս չէինք գալիս։ Ինչքա՜ն զոհ տվեցինք», — պատմում է վարորդը։ «Տղաս Ռուսաստանի քաղաքացի ա։ Մի ամիս առաջ ստեղի վայենկոմատից զանգեցին, ասեցին՝ պետք ա գնա հավաքների։ Ասեցի՝ օրենքով նման բան չկա, հեռախոսն անջատեցի», — շարունակում է կողքը նստած կինը։ Բոլորը դժգոհ են անվտանգային քաղաքականությունից, բայց բանակ գնալ ոչ մեկ չի ուզում։

 

Բերդ չհասած՝ մեզ միանում է Նատաշան։ Նա առավոտից սարերում է, հասցրել է երկու «փեշ» ուրց հավանաքել․ չորացնում է ու վաճառում։ Նատաշան որոշում է, որ մենք իր տանը պետք է գիշերենք։ Քանի որ ոչինչ չէինք պլանավորել, համաձայնվում ենք։ 

Վերջին անգամ Բերդում եղել ենք 2022 թվականին։ Պատերազմից հետո հույս կար, որ ամեն ինչ կփոխվի, կայուն աշխատատեղեր կստեղծվեն, էկոտուրիզմ կլինի, բիոգյուղատնտեսությունը կզարգանա։ Նոր ՀԿ-ներ էին հայտնվել, բերդեցի կանայք պատմում էին, որ առաջ գործ կար մենակ բանակում, իսկ հիմա ձեռնոցի գործարան ունեն, մանր արտադրություններ են հիմնում՝ խաղալիք կարել, մուրաբա եփել, մլմլա աճեցնել։ Միկրոձեռնարկությունների համար գրանտեր էին տալիս, մարդիկ հավատում էին, որ բոլորը կդառնան բիզնեսմեն։

Երկու տարի անց լավատեսությունը մարել է։ Անցած տարի փակվել է Ձեռնոցի գործարանը, որը մոտ 300 աշխատատեղ էր ապահովում։ Առաջ բանվորները բողոքում էին աշխատանքային ծանրաբեռնվածությունից, որ օրական 12 ժամ են աշխատում, գիշերային հերթափոխի համար հավելավճար չեն ստանում, հոգնում են անընդհատ նստած կարելուց։ Հիմա պատրաստ են ցանկացած աշխատանքի։

Նրանք, ովքեր զինվորական գործը փոխարինել էին արտադրականով, հետ են վերադարձել բանակ։ Մի մասն էլ գնում է խոպան՝ Արարատի մարզում գործող մեկ այլ ձեռնոցի գործարան: 

— Այնտեղ մնալու տեղ են տալիս։ Գնացածները աշխատում են օրը 12 ժամ, բայց վարձատրությունից չեն բողոքում։ Ամսվա մեջ երկու օրով կարողանում են գալ տուն, հանգստանալ։

Բերդեցիք պարծենում են իրենց մաքուր և խիտ բնությամբ, որ ի տարբերություն այլ բնակավայրերի այստեղ հանքեր չկան։ Առաջ տղամարդիկ փող էին աշխատում անտառի հաշվին։ Հիմա դա վտանգավոր է դարձել․ պետությունը արգելում է անկանոն ծառահատումները, ուրեմն՝ պետք է պայմանավորվել,կամ ռիսկի դիմել։

Գյուղատնտեսության վրա հույս դնել չի լինի։ Հողը բերրի չէ, ոռոգման ջուր կարող են քաշել միայն խոշոր ֆերմերները։ Մթերող ընկերությունները մեծամասամբ այստեղ չեն հասնում։

— Մեր հողերն էտ որակը չունեն։ Հողից էդքան արդյունք չենք ստանում, ինչքան Արարատյան դաշտավայրում։ Սովխոզի ժամանակ աշխատել ենք։ Բայց հիմա պետք ա ֆերմեր լինի, գործարան լինի․․․ Հիմա եթե ոռոգման ջուր քաշես մենակով, դա արդեն մեծ ծախս է։

Էկոտուրիզմի պոտենցիալին էլ ոչ մեկ չի հավատում։ Բերդ եկող միակ «տուրիստները» զինվորներին տեսակցող ծնողներն են․ ռեստորանները, հյուրատներն ու տաքսիները նրանց հաշվին են ապրում։ Արտասահմանցիներ այստեղ չկան։

Երեկոյան Նատաշային հյուր են գալիս ընկերուհիները՝ Աիդան ու Աստղիկը։ Նրանք դժգոհում են հայկական լրատվամիջոցներից, այսինքն՝ դեմ են «չորրորդ իշխանությանը» ու կողմ են վարչապետին։ Մտածում են, որ խաղաղությունից հետո ամեն ինչ լավ կլինի նաև Շամշադինում։

— Սովետի ժամանակ Շամշադինը ծաղկում էր։ Գործարաններ ունեինք, որովհետև սահմանը բաց էր։ Մեր առևտուրը, կապը հիմնականում Ադրբեջանի հետ էր։

Ավագ սերունդը հավատում է տարանցիկ ճանապարհների ուժին։ Իջևանում ավելի լավ են ապրում, քան Բերդում, որովհետև «սահման տանող ճանապարհի վրա են»։ Չկա առևտուր՝ չկա կյանք։ Եթե գնացքը աշխատի, արտադրություններ կհիմնվեն։ 

Սովետական մարդկանց համար սրանք անհերքելի ճշմարտություններ են։ Նրանք աջակցում են Փաշինյանին, որովհետև պատերազմում պարտվելուց հետո սկսել է կրկնել իրենց բանաձևե՞րը, թե՞ հակառակը՝ կրկնում են դրանք, որովհետև աջակցում են Փաշինյանին։

«Խաղաղության պայմանագրից հետո անցումնային փուլը բարդ է լինելու, բայց եթե Ռուսաստանը չխանգարի, մենք կբարիշենք», — ասում է Աիդան։ Նատաշան հակադարձում է․ «Ռուսը թույլ չի տա»։

Աիդան աշխատում է մասնավոր ընկերությունում, որը սնունդ է մատակարարում Բերդի զորամասին։ Աշխատանքից գոհ է։

Հաջորդ օրը հանդիպում ենք տեղական միակ ֆիթնես ակումբի աղջիկներին։ Երիտասարդ կանանց համար մարզասրահը կենցաղից կտրվելու հնարավորություն է։ Համայնքը դեռ կասկածանքով է մոտենում ֆիթնեսով զբաղվող աղջիկներին։ Վազքի մրցույթի մասնակիցները դրանից չեն նեղվում։ Հակառակը՝ ուրախ են, որ փոխում են կնոջ ավանդական վարքի մասին պատկերացումները։

Մարզիկներից մեկը աշխատում էր Ձեռնոցի գործարանում։ Հիմա գործազուրկ է․ ամուսինը գնում է Արարատ, որ փող աշխատի, ինքը խնամում է մանկահասակ երեխաներին և տարեց ծնողներին։ Նրա նախկին կոլեգան աշխատանքի է ընդունվել հացի փռում՝ գանձապահ․ աշխատավարձն ավելի քիչ է։ Երրորդը վարսավիրական ծառայություններ է մատուցում տնից․ մարդիկ փորձում են ֆինանսները շրջանառել համայնքի ներսում։

Շուտով իրենց ֆիթնես ակումբն էլ է փակվելու, որովհետև գրանտը կտրել են։ Մարզային միկրոձեռնարկությունը ինքնաֆինանսավորման վրա հույս չի դնում։

Խոսք է բացվում Օզոնի, Վայլդբերիզի, Թեմուի մասին։ Օնլայն մարկետների շնորհիվ նորաձևությունը հասել է Հայաստանի ռեգիոններ։ Սպառողականության համատարած աճի ֆոնին մեռնում է տեղական բիզնեսը․ մեկը մյուսի հետևից փակվում են կենցաղային պարագաների և հագուստի փոքր խանութները։

— Գալիս եմ գործի, զուտ որ տանը չմնամ։ Օր ա լինում՝ ոչ մի մարդ չի մտնում։ 

Անուշը աշխատում է Բերդի շուկայում, շորերի փոքր խանութ ունի։ Մրցակցությանը դիմանում է նիսյայի հաշվին։ Անուշի մոտ պարտքի տետր կա՝ ապառիկի ներհամայնքային համակարգ։ Հարևանները շորերի համար վճարում են աշխատավարձից աշխատավարձ։ 

Ավելի ուշ հանդիպում ենք մեր հին ծանոթաներից Անահիտին, որը զբաղվում է հավաքչությամբ։ Խնդրում ենք, որ մեզ տանի իր հետ վայրի մորի հավաքելու։ Ասում են՝ Ներքին Կարմիրի հանդերում մորին արդեն հասել է։

Բերդի զարգացման ծրագրերը չեն աշխատում՝ բոլորն են համաձայն։ Հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարում էր, թե աղքատությունը պայմանավորված է ծուլությամբ։ «Գնացեք սինդրիկ հավաքեք»։ Շամշադինի սարերն ու անտառները «սինդրիկ հավաքողների» պակաս չունեն։ 

Ժողովրդի սոցիալական վիճակը ստեղ շատ վատ ա։ Մի հատ խանութ ես մտնում՝ 10 դրամ, 20 դրամ, 50 դրամ ապրանքը թանկացած ա։ Էն ժամանակ եթե մի օր գնում էինք, անտառից մի բան բերում, վաճառում ու մի քանի օրվա հերիքում էր, հիմա շաբաթվա 5-6 օրը հանդերում ես լինում, որ ծերը ծերին հասցնես։

Չնայած սրան, Փաշինյանի կարգախոսը Շամշադինում դեռ ժողովրդականություն է վայելում։ Մարդիկ սիրում են նախատել ծույլերին։

— Մեր ռայոնցին որ ասում ա՝ փող չկա, պապիրոս առնեմ, ես զարմանում եմ։ Ձյունը հալեց՝ սինդրիկը դուրս ա գալիս, սինդրիկից հետո փիփերթն ա, բանջարն ա, շուշանն ա։ Դրանից հետո ուրցն ա, նանան ա, դաղձն ա, գետնամորին ա, սունկն ա, ծառի սունկը, դաշտի սունկը՝ փող ա։

Հավաքչությամբ զբաղվողներն իրար մեջ բաժանել են անտառների բարիքները․ մի խումբը հապալաս ու վայրի մորի է հավաքում, մյուսը՝ իվան չայ, ուրց ու մելիսա, երրորդը՝ սինդրիկ, ծնեբեկ։ Գինը իրար մեջ են որոշում, չնայած հարմարվում են նաև շուկայի պահանջարկին։ Օրինակ, Երևանի սուպերմարկետներում հապալասը վաճառվում է 12-15 հազար դրամով՝ մեկ կգ-ի համար։ Այստեղ այն մթերում են կիլոգրամը 2 հազար դրամով։

Հետ ենք գալիս Բերդ լիքը դույլերով։ ԴՈՍԱԱՖ-ի թաղամասում իմացել են, որ լրագրող ենք։ Կանչում են կոյուղու հարցը լուսաբանելու։

— Ահագին մեծ թաղամաս ա, բայց կոյուղի չունենք։ Քանի անգամ դիմել ենք։ Կոյուղին դուրս ա թափում, ու դե պատկերացրեք՝ ամառը ինչ հիվանդությունների բուն ա։ Լրիվ տներ են, մարդիկ են, երեխեք են։ Հարևաններից մեկի երեխեն լուրջ խնդիրների առաջ էր կանգնել, Երևան են տարել, որ բուժեն։ Ու սաղ էտ կեղտաջրից։ Ինչքան դիմում ենք, որ կոյուղու հարցը կարգավորեցրեք, որին դիմում ենք, ասում են՝ մեր գործը չի։ Ինչ-որ ժամանակ առաջ խողովակները քաշել են, բայց գործը կիսատ են թողել՝ չեն միացրել ընդհանուր գծին։ Թափում, ստեղ ա լցվում։