2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#Ղարաբաղի հայաթափում

ՀՀ-ն և փախստականները․ ղարաբաղցի նախագահները հաշիվ չեն

ՀՀ-ն և փախստականները․ ղարաբաղցի նախագահները հաշիվ չեն

Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո ղարաբաղցիներից շատերը նոր-նոր իմացան, որ իրենց Հայաստանի քաղաքացի չեն համարում։ Պաշտոնական բացատրության համաձայն, 070 ծածկագրով կապույտ անձնագրերը զուտ ճամփորդական փաստաթուղթ են, իսկ ղարաբաղցիները՝ քաղաքացիություն չունեցող փախստականներ։  «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի գործում հղում կա 1999 թվականի փետրվարի 24-ի համաձայնագրին՝ կնքված Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև։ Համաձայնագիրը վերաբերում է անձնագրային համակարգի կազմակերպմանը, այնտեղ սևով սպիտակի վրա ուղիղ գրված է, որ Հայաստանի անձնագրերը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրվում են որպես ճամփորդական փաստաթղթեր, բայց ոչ որպես քաղաքացիության հավաստում», - Epress.am-ի հետ հարցազրույցում բացատրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Հիշատակած համաձայնագիրը գաղտնի է, դրա բովանդակությանը հնարավոր չէ ծանոթանալ։ ԱԳՆ-ն այն հրապարակել հրաժարվում է։ Նորանկախ Հայաստանը առնվազն երկու ղարաբաղցի նախագահ, բազմաթիվ ղարաբաղցի պատգամավորներ է ունեցել։ Ղարաբաղցիները աշխատել են Հայաստանի Զինված ուժերում։ Սահմանադրությունն արգելում է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց նման պաշտոններ զբաղեցնել։ Արդյո՞ք նրանց պաշտոնավարումը հակասահմանադրական է եղել։ «Ինձ թվում է, ես ամենառելևանտ պաշտոնյան չեմ, որ պատասխանի այդ հարցին», - ասել է Միգրացիոն ծառայության պետը։ «Նմանատիպ դեպքեր աշխարհում կան (ընդամենը մի քանիսն են, բայց կա՛ն), որ փախստականներին այլ երկրներ տալիս են իրենց անձնագրերը առանձնացված կոդով՝ որպես ճամփորդական փաստաթուղթ։ Հայաստանի Հանրապետությունը և՛ս տրամադրել է իր անձնագրերը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը որպես ճամփորդական փաստաթուղթ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հնարավորություն ունենա իրացնել իր առողջապահական, կրթական և տեղաշարժի իրավունքները», - ասել է Ղազարյանը։ Լեռնային Ղարաբաղը չճանաչված պետություն էր, Լեռնային Ղարաբաղի անձնագրով որևէ սահման հատել չէր լինի։ Հայաստանը, ըստ Ղազարյանի, գնացել է այս քայլին՝ ղարաբաղցի հայերին լիակատար մեկուսացումից պաշտպանելու համար։ 90-ականներն ուրիշ էին Փախստականներից շատերը երազում են գնալ Ֆրանսիա, բայց Ֆրանսիան նրանց ընդունել չի ուզում։ «Ոչ ոք, Հայաստանից բացի, մեզ չի համարում փախստական», - ասում է ստեփանակերտցի Նինան։ Նա ենթադրում է, որ պատճառը հայաստանյան կապույտ անձնագիրն է․ «Ճամփորդական փաստաթղթի տրյուկին դրսերում էլ չեն հավատում»։ Միգրացիոն ծառայության պետը հերքում է սա․ «Հայաստանի Հանրապետությունն այն առաջին երկիրն է, որտեղ բռնի տեղահանվածները ստացել են փախստականի կարգավիճակ։ Զանգվածային ներհոսքերի դեպքերում ապաստանի անհատական վարչարարություն չի իրականացվում։ Կա ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, որը թույլ է տալիս մեկ որոշմամբ փախստականի կարգավիճակ շնորհել ամբողջական խմբին։ Այդ մեխանիզմը կիրառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ։ Նրանք Հայաստանում արդեն իսկ ճանաչվել են փախստական, այսինքն ստացել են պաշտպանություն։ Սա նշանակում է, որ չկա որևէ ռեալ ռիսկ, որ Հայաստանի Հանրապետության տարածքից նրանք կարող են հարկադրաբար վերադարձվել այնպիսի տարածք, որտեղ նրաց կյանքին վտանգ է սպառնում։ Եթե անձը որևէ այլ երկրում ապաստանի հայց է ներկայացնում, նրա տեղաշարժը դիտարկվում է որպես երկրորդային։ Երրորդ երկրի աչքերում դա պարզ միգրացիոն, ոչ թե փախստականական տեղաշարժ է»։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Բայց 80-ականների վերջին 90-ականների սկզբին Ադրբեջանից փախած հայերն էլ էին Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացել։ Դա չէր խանգարում նրանց, որպես փախստական, տեղափոխվել երրորդ երկրներ, ապաստան հայցել և ստանալ։ Հայաստանցիները առնում էին ադրբեջանահայերի ծննդական վկայականները, որ կեղծ փաստաթղթերով հետո հանձնվեն եվրոպական և ամերիկյան երկրներ։ Ղազարյանը համարում է, որ սրանք տարբեր բաներ են, այսինքն՝ տարբեր ժամանակներ և տարբեր կոնտեքստեր․ «Հիմա ևս ցանկացած երկիր իրավասու է իրականացնել իր անհատական ապաստանի վարչարարությունը, բայց թե ինչ որոշման կհանգի՝ դժվար է ասել։ Ուղղակի այս պարագայում, ներկայիս միգրացիոն ռեժիմներով աշխարհում պարզ է, որ 90 և ավել տոկոս հավանականությամբ Լեռնային Ղարաբաղից ապաստանի նման հայցերը կմերժվեն»։ Առհասարակ իրավիճակը հիմա այնպիսին է, որ Հայաստանից ապաստան հայցողների մեծ մասը (2023-ի տվյալներով՝ մոտ 96 տոկոսը) եվրոպական երկրներում մերժում է ստանում․ «Սրանից դուք կարող եք գործող միգրացիոն կարգավորումների մասին պատկերացում կազմել»։ քաղաքացիություն են հայցել ընդամենը 3700 ղարաբաղցի 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունված՝ Կառավարության N 1864-Ն որոշման համաձայն, ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվել (փախստականի կարգավիճակ են ստացել)․ 1) Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք, 2) Հայաստանի տարածքում կամ Հայաստանից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում, 3) այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։ Կառավարությունը հիմա ակտիվորեն խրախուսում և անուղղակիորեն հարկադրում է փախստականներին Հայաստանի քաղաքացիություն ստանալ։ Բողոքներ կան, որ մանկահասակ երեխաներին հրաժարվում են փախստականի կարգավիճակ տալ։ Դժվարությունների են բախվում նաև Արցախում հաշվառված, բայց նախքան տեղահանությունը Հայաստանում հաստատված ղարաբաղցիները։ Հայաստանի քաղաքացի դառնալ շատերը չեն ուզում։  Epress.am — Լեռնային Ղարաբաղից եկած մարդկանց շրջանում շատ տարածված մի կարծիք կա, որ եթե քաղաքացիություն ստանանք՝ կզրկվենք փախստականի կարգավիճակից և հետևաբար․․․ Արմեն Ղազարյան — Այո, դա այդպես է։ Epress.am — ․․․և հետևաբար՝ կզրկվենք որոշակի աջակցություններից և արտոնություններից․․․ Արմեն Ղազարյան — Ոչ, դա այդպես չէ։ Epress.am — ․․․նաև որ քաղաքացիություն ստանալը կզրկի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու պոտենցիալ հնարավորությունից։ Արմեն Ղազարյան — Եկեք հերթով։ Ձեր առաջին հարցի պատասխանը շատ պարզ է՝ այո, դա այդպես է։ Եթե անձը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակ, դա պաշտպանության բարձրագույն ձևն է՝ ավելի բարձր, քան փախստականի կարգավիճակը։ Այդ կարգավիճակի բերումով նա ինքնին արդեն չունի վերադարձման վտանգի հարց։ Իհարկե՝ մարդը չի կարող միևնույն երկրում զուգահեռաբար լինել և՛ քաղաքացի, և՛ փախստական։ Դա տարրական իրավական տրամաբանությունն է ամբողջ աշխարհում։ Epress.am — Փախստականներին չեն կարող զորակոչել, իսկ քաղաքացիություն ստացածներին կարող են։ Արմեն Ղազարյան — Այո, դա այդպես է։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, Կառավարությունը շատ ուշադիր է եղել՝ սոցիալական բոլոր ծրագրերը դիզայն անելու այնպես, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցաջակցության ծրագրերը չկապվեն նրանց իրավական կարգավիճակի հետ՝ լինի դա 100 հազարի սկզբնական աջակցությունը, լինի 40+10 հազարի սոցաջակցությունը։ Միակ դեպքը, երբ կարգավիճակը որոշակիորեն կապվել է աջակցության ծրագրի հետ, բնակարանային աջակցության ծրագիրն է, որում նշված է՝ եթե անձը ցանկանում է այդ ծրագրով բնակարան ձեռք բերել, նախապայմաններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալն է։ Տրամաբանությունը հետևյալն է՝ եթե մենք երկարաժամկետ հանձնառություն ենք ստանձնում աջակցելու, պետք է անձը ունենա որոշակի երկարաժամկետ իրավական կապ մեր պետության հետ։ Իսկ այդ կապի միակ դրսևորումը քաղաքացիությունն է։ Epress.am — Իսկ վերջի՞ն հարցը։ Կա անհանգստություն, որ անձնագրեր վերցնելը կզրոյացնի, կխաթարի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու վերջին շանսերը։ Արմեն Ղազարյան — Պատասխանս կլինի կարճ՝ ոչ, չի խաթարի։ Epress.am — Փախստականներից քանիսն է արդեն ստացել քաղաքացիություն։ Արմեն Ղազարյան — Դիմումների քանակն անցնում է 3700-ը, 2700-ից ավելին արդեն ստացել է քաղաքացիություն։ Խոսքը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասին է։ Մի կարևոր հանգամանք նշեմ՝ անչափահասները քաղաքացիության դիմելու կարիք չունեն։ Երբ ծնողները ձեռք են բերում քաղաքացիություն, անչափահասը ուղղակի անձնագրի փոփոխությամբ ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Սա նշանակում է, որ այս թվերի մեջ անչափահասները չկան և չեն լինելու։

Ադրբեջանական անցակետը հայերին ճնշելու համար է. երկու օրինակ

Ադրբեջանական անցակետը հայերին ճնշելու համար է. երկու օրինակ

Ստեփանակերտի բնակչի մարմինը բարեկամները չեն կարողացել տեղափոխել Արցախ, արդեն այսօր հուղարկավորել են Եռաբլուրում՝ գրել է լրագրող Արմինե Մարտիրոսյանը։ Ըստ նրա, տղամարդու մոտ 2023-ի փետրվարին ուժեղ գլխացավեր էին սկսվել, Կարմիր Խաչի մեքենայով նրան տեղափոխել էին Երևան։ Արդեն երևանում օնկոլոգիկ հիվանդություն է ախտորոշվել, վիրահատել են, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ «Մի քանի օր առաջ Հովիկի բարեկամները, որոնք Հայաստանում են ապրում, պայմանավորվել են ռուսների հետ, որպեսզի նրա մարմինը տեղափոխեն հայրենիք և այնտեղ հուղարկավորեն։ Ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենայով նրանք հասել են մինչև Բերձորի միջանցքի անցակետ, ադրբեջանցիները փաստաթղթեր են պահանջել, ստուգել դրանք «իրենց ինչ-որ ցուցակներում» և արգելել նրանց մուտքը Արցախ։ Ռուս խաղաղապահների մեքենան հետ են շրջել։ Որպես մերժման հիմքերի հիմնական վարկած նշվում է Հովիկի մասնակցությունը Արցախյան առաջին պատերազմին», - ֆեյսբուքում գրել է Մարտիրոսյանը։ Մարմինը, ըստ նրա, երկու օր պահել են Գորիսի դիարանում, հետո բարեկամները որոշել են հուղարկավորել Երևանում։ Հանգուցյալի կինը, որդին և որդու ընտանիքը Ստեփանակերտում են մնում։ Ավելի քան մեկ ամիս առաջ Ադրբեջանը Հակարիի կամրջին՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում, անցակետ է տեղադրել։ Լաչինի միջանցքի Շուշիի հատվածում, որը անցյալ տարվա դեկտեմբերից արգելափակված է ադրբեջանցի պետակտիվիստների կողմից, այժմ ոստիկանական հսկիչ կետ է գործում։ տե՛ս Անցակետ Լաչինում․ Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց այլընտրանք չկա Անցակետ(եր)ով ժամանակ առ ժամանակ ռուս խաղաղապահներն են անցնում, երբեմն՝ Կարմիր Խաչի մեքենաները։ Չնայած Բաքվից հայտարարում են, թե Լաչինի միջանցքը բաց է, հայաստանյան և ղարաբաղյան մեքենաներն այստեղով չեն անցնում։ տե՛ս «Ադրբեջանի ցուցակներում սաղս էլ սև ենք»․ Ղարաբաղում կանչում են փողոց Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում նույնիսկ հիվանդներին տեղափոխող Կարմիր Խաչի մեքենաների համար՝ ահազանգում են ղարաբաղյան իշխանությունները։ Շրջափակման մեջ մնացած մարդիկ հիշեցնում են նաև Ադրբեջանի «սև ցուցակների» մասին՝ ոչ մի երաշխիք չկա, որ տղամարդկանց անցակետից չեն առևանգի։ տե՛ս Ղարաբաղի հայերին խեղդում են․ Շուշիում տոն է Օրեր առաջ Հակարիի կամրջով անցկացրել են ստեփանակերտցի Նարինե Դանիելյանի՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող որդուն։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մայրը, նրա մանկահասակ տղան և առողջական ծանր խնդիրներ ունեցող մյուս պացիենտները հատել են անցակետը՝ երևանյան հիվանդանոցներ տեղափոխվելու համար։ «Ազատության» հետ զրույցում Դանիելյանը պատմել է, որ Շուշիի մոտ ադրբեջանցի ոստիկանները հավաքել են իրենց անձնագրերը, ստուգել, իսկ Հակարիի կամրջի վրա՝ Հայաստան-Ղարաբաղ սահմանին տեղակայված անցակետում, իջեցրել են շտապօգնության մեքենայից: «Մինչև Հակարիի կամուրջը ռուսը ուղեկցեց, Հակարիի կամրջից այն կողմ ասաց՝ չվախենաք, եթե ինչ, մենք ստեղ կանգնած ենք: Հենց հասանք Հակարիի կամուրջ, եկան իրանք դուռը բացեցին, ասացին, որ սաղ անձնագրերը վերցնեն, ամենքս գնացինք, միակ բացառությունը երեխան էր», - ասել է կինը: Որդին շնչառական սարքով է եղել, մնացել է մեքենայում՝ մյուսներին ստուգել են սահմանային անցակետի բոլոր կանոններով, հարցուփորձով. - «Ոնց որ գնում ես Ռուսաստան… Ինքն էլ ասում ա՝ ինչի համար ես գնում Երևան, մթոմ մենք Հայաստանում չենք, ասում ա՝ цель въезда в Армению из Азербайджана»: Շտապօգնության երեք մեքենաների մեջ էլ ծանր հիվանդներ են եղել։ Առանց խաղաղապահների կամ Կարմիր խաչի ուղեկցության նրանք Հայաստան տեղափոխվել չէին կարող՝ հայաստանյան/ղարաբաղյան մեքենաների, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների համար Հակարիի կամուրջը փակ է։ 

Ղարաբաղի հայերի նոր հույսը Շոյգուի խորհրդական գեներալն է

Ղարաբաղի հայերի նոր հույսը Շոյգուի խորհրդական գեներալն է

Ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովն արդեն Ղարաբաղում է, այսօրվանից նա պետք է սկսի բանակցությունները ադրբեջանական կողմի հետ՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետը հանելու շուրջ։ «Ազատության» հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Բաբայանը կարծիք է հայտնել, որ ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարի հեղինակության հարցն է լինելու։ տե՛ս Ղարաբաղը ապահայաֆիկացվում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի պաշոտնանկության մասին լուրերը պաշտոնական աղբյուրները առայժմ չեն հաստատել։ Վոլկովը գնում է, Լենցովը գալիս է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը չի հերքել լրատվամիջոցներում երեկվանից շրջանառվող տեղեկությունները, համաձայն որոնց՝ գեներալ Վոլկովը, որը վերջին օրերին անարդյունք բանակցություններ էր վարում Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժման շուրջ, հեռացվել է պաշտոնից։ Հայաստանյան մամուլը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրում է, որ Վոլկովն արդեն վերադարձել է Ռուսաստան։ Նրան այս պաշտոնում փոխարինել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական, 66-ամյա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։ Գեներալ-գնդապետը մինչ այդ Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն է եղել, 40 տարվա զինվորական է, ռուսաստանյան աղբյուրների համաձայն՝ (ԽՍՀՄ, հետագայում արդեն ՌԴ ԶՈՒ կազմում) մասնակցել է Աֆղանստանի, Չեչնիայի և Սիրիայի պատերազմներին։ նոր հրամանատարը՝ Լենցով Ալեքսանդր Իվանի Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում Արցախի արտգործնախարարը չի հակադարձել, որ ռուսական զորախմբի հրամանատարական կազմում փոփոխությունը տեղի է ունենում Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհին՝ ռուսների պատասխանատվության գոտում, վերջին զարգացումների պատճառով։ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ղարաբաղում տեղակայված ռուսական զորախումբն արդեն երեք հրամանատար է փոխել․ Վոլկովից առաջ խաղաղապահ առաքելությունը ղեկավարել է Գենադի Անաշկինը, մինչ այդ էլ՝ Ռուստամ Մուրադովը: վերջնագիծ, սահմանագիծ, համբերության բաժակ «Դեռ տեղյակ չեմ՝ պաշտոնական արդյոք եղել է այդ նոր նշանակումը, թե չէ, բայց արցախյան կողմը ակնկալում է ռուսական կողմից գործուն քայլեր», - ասել է Ղազարյանը: Ստեփանակերտը, ըստ նրա, ցանկանում է պարզել , թե որոնք են Բաքվի հետ հարաբերություններում ռուսական կողմի «կարմիր գծերը»։ Ռուսաստանյան զորախումբն առայժմ որևէ բացատրություն չի տվել, թե ինչու չի կանխել Ադրբեջանի կողմից բեռնատարների և ռազմական մեքենաների միջոցով իր վերահսկողության գոտում գտնվող Հակարիի կամրջի փակումը։ տե՛ս Ադրբեջանական անցակետ՝ «ռուսական» Լաչինի միջանցքում «Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը այսպես կոչված կարմիր գծերը ռուսական խաղաղապահների հետ մղելով տանում է: Միևնույն ժամանակ, ռուսական կողմից տարբեր շրջանակների ներկայացուցիչներ խոսում են, որ իրենց ուշադրությունը սևեռված է այլ ուղղության վրա, և դրանից շատ լավ օգտվում է ադրբեջանական կողմը: Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք կա որևէ վերջնագիծ կամ մի սահմանագիծ, կամ, ասենք, համբերության բաժակ, արդյո՞ք ռուսական կողմը ունի այս առումով», - նշել է Արցախի արտգործնախարարը: Պաշտոնյան շեշտել է՝ 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադարձել է՝ տեսնելով, որ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբն է տեղակայվել, «բայց հիմա հայտնվել են պատանդի կարգավիճակում»։ դիմել էին ՌԴ-ին, դիմել են նաև ՄԱԿ-ին Դեռևս կիրակի օրը Ղարաբաղի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է գումարել և դիմել «հատկապես Ռուսաստանին»՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ Հայաստանին արտգործնախարարությունն էլ կոչ է արել Մոսկվային «ի վերջո կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը»։ Արդեն այսօր Երևանը հաստատել է՝ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին, որը երկու ամիս առաջ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու վճիռ էր կայացրել։ Այդ վճիռը Բաքուն անտեսել է։ Անցած շաբաթվա վերջին Ադրբեջանը փակել է նաև Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել Հայաստան-Ղարաբաղ սահմանին։ դրոշի արարողություն Ռուսական կողմի արդեն 4-րդ օրը տևող բանակցությունները՝ առանձին արցախյան և առանձին ադրբեջանական կողմերի հետ, որևէ արդյունք չեն տվել։ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ առանց ռուսական և հայկական կողմերի համաձայնության տեղադրված անցակետում այսօր պետական դրոշի բարձրացման արարողություն է կազմակերպել: Արարողությունը տեսանկարվել է և տարածվում է Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում։ տե՛ս Անցակետ Լաչինում․ Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց այլընտրանք չկա Փաշինյանն ու Պուտինը զանգվել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երևանի փոխանցմամբ՝ քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման շեշտադրմամբ»: «Լաչինի միջանցքում իրադրության ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հիմնարար համաձայնությունների ամբողջ համալիրի խստիվ պահպանման կարևորությունը», - ընդգծել է Մոսկվան: Մինչ այդ հաղորդվել էր նաև Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցի մասին։ Ըստ հայկական կողմի պռես-ռելիզի, Եվրախորհրդի նախագահի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության, նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ։ Փաշինյանը ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու քաղաքականության հետևողական իրագործմանը։