Մոսկովյան բանակցություններից հետո Բաքուն հայտարարում է, թե առաջիկայում կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել։ Երևանից հերքում են։
«Հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- Ռոյթերզի հետ զրույցում ասել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան։
Երևանից արձագանքել են՝ Քիշնևի հանդիպման օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ․ «Համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները»։
Եվրոպական քաղաքական համայնքի քիշնևյան գագաթնաժողովին մասնակցելու են մի քանի տասնյակ պետությունների/կառույցների ղեկավարներ։ Գագաթնաժողովի շրջանակներում սպասվում է հնգակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի, Եվրախորհրդի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։
«տերմինաբանական խնդիրներ»
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Մոսկվայում մայիսի 25-ին տեղի ունեցած հանդիպումը ավարտվել է առանց համատեղ հայտարարությունների։ Բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, տևել են ընդամենը 20 րոպե։ Հիմնական ինտրիգը սահմանը հատելու կարգին է վերաբերում։
Վաշինգտոնյան քառօրյա բանակցություններից հետո փորձագետները նշում էին՝ հիմնական առաջընթացն ապաշրջափակմանն է վերաբերում։ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման ֆոնին ճանապարհների վերագործարկման շուրջ մինչ այս գոյություն ունեցող տարաձայնությունների մի մասը հաղթահարվել է, զուգահեռաբար՝ ստեղծվել են նոր խնդիրներ։
տե՛ս Քառօրյա բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից
«Չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին, որոնք դեռ բավականաչափ են, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ։ Այդ ուղղություններից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ուղղությամբ աշխատանքն է։ ․․․Դեռ կան չկարգավորված հարցեր», – բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինի խոսքով ՝ դրանք բացառապես տեխնիկական բնույթ են կրում, հարցը տերմինաբանության մեջ է․ «Իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի ճշգրիտ պատկերացում այն իրողությունների մասին, որոնք կհետևեն համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը, բայց, մեր կարծիքով, նկատի ունեմ բոլորիս՝ և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի վարչապետի, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են»:
Կրեմլի ղեկավարը երեք երկրների փոխվարչապետերին առաջարկել է մեկ շաբաթից կրկին հանդիպել և պարզաբանել այս խնդիրները։
ճշտել սահմանը հատելու կարգը
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ավելի ուշ հստակեցրել է՝ խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին է․ «Այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողություն, սա շատ կարևոր է»:
Ղարաբաղյան առաջին պատերազմից ի վեր շրջափակված ճանապարհների վերագործարկման հարցը Մոսկվայի միջնորդությամբ քննարկում է ավելի քան երկու տարի։ Բանակցությունների հիմնական ինտրիգը Մեղրիով անցնող՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին էր վերաբերում։ Բաքուն այն անվանում է «Զանգեզուրյան միջանցք»՝ զուգահեռ անցկացնելով Լաչինի միջանցքի հետ, որն այն ժամանակ դեռ գտնվում էր միայն ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Երևանը «միջանցքային տրամաբանությունը» մերժում է։
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո՝ ռուս-թուրքական տնտեսական համագործակցության ֆոնին, Սյունիքով անցնող ճանապարհի՝ որպես Ռուսաստանը (Ադրբեջանի և Հայաստանի տարածքով) Թուրքիային կապող այլընտրանքային երթուղու նշանակությունը էլ ավելի է աճում։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը շեշտակի աճել է՝ որոշ տվյալներով, հասնելով տարեկան 60 միլիարդ դոլարի։ Ռուսաստանը հսկայական ներդրումներ է անում, էժան էներգակիրներ մատակարարում Թուրքիային, Թուրքիան (ՆԱՏՕ անդամ է) չի միանում ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցներին և, ըստ որոշ տվյալների, օգնում է Մոսկվային (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների միջոցով) մասսամբ շրջանցել դրանք։ Հայաստանից ավելի վաղ ակնարկում էին, թե Մոսկվան, հակառակ պաշտոնական հայտարարությունների, աջակցում է Բաքվի միջանցքային պահանջներին և ակնկալում ամբողջական վերահսկողության տակ առնել Մեղրիով անցնող ճանապարհը։ Լաչինում ստեղծված ճգնաժամի ֆոնին, ըստ որոշ մեկնաբանությունների, այս իրավիճակը փոխվել է։
«միջանցք» և «ճանապարհ»
Եռակողմ բանակցություններից առաջ երեք երկրների ղեկավարները հանդիպել էին ԵԱՏՄ խորհրդի ընդլայնված նիստին։ Նիստը ընդհատվել էր Փաշինյանի և Ալիևի բանավեճով։
Ալիևն իր խոսքում օգտագործել էր «Զանգեզուրյան միջանցք» ձևակերպումը, Փաշինյանը արձագանքել էր, թե դրանով Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։
«Ցանկանում եմ ընդգծել, որ [եռակողմ] հայտարարության մեջ միայն մեկ միջանցքի մասին է խոսվում, և դա Լաչինի միջանցնքն է, որը պետք է գտնվեր ռուսաստանցի խաղաղապահների հոսկողության տակ, սակայն, ցավոք սրտի, անօրինականորեն արգելափակված է Ադրբեջանի կողմից։ ․․․Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը, որոնք անցնում են իր տարածքով։ Մենք դա անվանում ենք հայկական խաչմերուկ, և պատրաստ ենք բացել տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության և օրենքների համաձայն», – նշել է Փաշինյանը։
Ալիևն ի պատասխան հայտարարել է, թե միջանցք բառը որևէ մեկի տարածքի նկատմամբ ոտձկություն չի ենթադրում․ «Ես, իհարկե, չեմ ցանկանում բանավեճ սկսել, բայց քանի որ այստեղ մեղադրանք հնչեց, թե մենք տարածքային պահանջներ ունենք Հայաստանից, ես պետք է նշեմ՝ նման նկրտումներ մենք չունենք։ Պետք է շատ մեծ ջանք գործադրել և շատ վառ երևակայություն ունենալ, որպեսզի իմ խոսքերում տարածքային պահանջներ տեսնել։ Ինչ վերաբերում է «միջանցք» բառին, որը ես օգտագործում էի, նույն բառը ես օգտագործում եմ նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի մասին խոսելի»։
Ալիևը հավաստիացրել է, թե «Ադրբեջանը ոչ մի միջանցք չի փակել, ինչ վերաբերում է Լաչին-Խանքենդի ճանապարհին, այն բաց է։ Հայաստանի ու Ադրբեջանի (որ դուք ճանաչում եք) սահմանին անցակետ է տեղակայվել միջազգային նորմերին համապատասխան, այդ անցակետը ռուսական խաղաղապահներից 20 մետրի վրա է։ Ադրբեջանի ազգությամբ հայ բնակիչները, որ ապրում են Ղարաբաղում, ազատ տեղաշարժվում են դեպի Հայաստան»:
Հայաստանի վարչապետը հակադարձել է՝ Լաչինի ապօրինի արգելափակված է․ «Այն, ինչ կատարվում է այնտեղ, եռակողմ հայտարարության ուղղակի խախտում է։ Դուք ասացիք, որ միջանցքը բաց է, բայց մենք դա չենք տեսնում»:
Մոտ 10 րոպե տևած բանավեճն ընդհատվել է Պուտինի միջամտությամբ․ «Միջանցք, ճանապարհ՝ այդ ամենը կարևոր է, և այստեղ որոշակի հակասություններ կան։ Սակայն, շատ ավելի կարևոր է այն, ինչի մասին քիչ առաջ խոսեցին թե՛ Ադրբեջանի նախագահը և թե՛ Հայաստանի վարչապետը, որ սկզբունքային հարցի՝ տարածքային ամբողջականության խնդրի շուրջ պայմանավորվածություն կա՝ նույնպես սկզբունքային բնույթի»։
Բրյուսելյան հանդիպումից հետո Երևանն ուղիղ հայտարարել է՝ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Ալիևը նշել է, թե այս հայտարարությունը խաղաղության պայմանագրի ստորագրման իրական հնարավորություն է ստեղծել։
տե՛ս Արծվաշենը Հայաստան է․ Փաշինյանը պատմել է բանակցություններից
Փաշինյանը հաստատել է՝ «Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավոևվել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձության սկզբունքով ճանաչելու շուրջ, այդ հիմքով բավականին առաջ ենք գնացել մեր հարաբերությունների կարգավորման հարցում»։
Միևնույն ժամանակ՝ Հայաստանի վարչապետը շեշտել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահավոման անհրաժեշտությունը․ «Հույս ունեմ՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև նորմալ, կառուցողական երկխոսությունը առաջիկայում կմեկնարկի՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»։
Ստեփանակերտի և Բաքվի միջև շփումների ձևաչափը խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքային տարաձայնություններից մեկն է։ Երևանը պնդում է, որ Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների համար միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, Ադրբեջանը Ղարաբաղին վերաբերող հարցերում միջազգային ներգրավվածությունը բացառում է։
տե՛ս «Երկխոսություն» «բանակցությունների» փոխարեն