Այս տարվա ապրիլի 9-ին մի քաղաքացի Երևանի Արաբկիրի ոստիկանություն հաղորդում է տվել հանցագործության մասին, որի շարունակությունը, ամենայն հավանականությամբ, աղմկոտ է լինելու: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով ոստիկանության իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ, ըստ հաղորդման, Հայաստանում ստեղծվել է ապօրինի մի ֆինանսական բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է կորզել ու «սկել»:
«Այդպիսի մեծ ու փոքր կառույցներ Հայաստանում էլի կան, բայց այս մեկը ստեղծվել և ղեկավարվում է ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից: Կառույցի «շրջանառությունը» եղել է մի քանի միլիոն դոլար», – գրում է «ՀԺ»-ն:
Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հաստատել են, որ թերթի նշած հանցագործության մասին հաղորդումը ընդունվել է և ուսումնասիրվում է:
«Այս գործը այնքան աղմկոտ է լինելու և այնպիսի անուններ են շոշափվում, որ ոստիկանությունը ամեն ինչ անելու է այն կոծկելու համար»,- գրում է թերթը՝ խոստանալով մանրամասները ներկայացնել առաջիկայում: