Ախալքալաք չհասած կանգնում ենք հաց ուտելու։ «Հոմմեյդ ֆուդ» պանդոկի տերը հասկանում է, որ Հայաստանից ենք, համոզում է ձուկ պատվիրել. «Это родственник сига, Սևանի սիգից էլ համով է»։
Ոլորաններից հոգնած հասնում ենք տեղ։ Քաղաքի երկու մեծ հյուրանոցներից մեկը համատեղությամբ նաև կազինո է, անունը՝ Վեգաս։ Տեղավորվում ենք Գրանդ Մուր հյուրանոցում։ Նույն շենքում է տեղական Jnews լրատվականի գրասենյակն ու «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբը։ Անցուդարձը շատ է․ տեղացի տասովշչիկները պատրաստվում են ընտրությունների։
Շտաբից անընդհատ աղմուկ է գալիս։ Ընթրում ենք, դուրս ենք գալիս զբոսնելու։ Սիգն ավելի համով է, տեղի բարբառն ու կտրող ցուրտը հիշեցնում են Գյումրին։ Նախընտրական աժիոտաժն այնքան էլ անսովոր չէ։ Ավելի տարօրինակ է Հայաստանից դուրս տեսնել այդքան շատ հայեցիություն՝ Մաշտոցի արձան, Չարենցի փողոց, 1885 թվի հայկական եկեղեցի, խոսակցություններ ծանոթ լեզվով։
Առավոտյան 6-ին հյուրանոցի մոտ մեզ դիմավորում են վարորդ Մախարեն և թարգմանիչ Շորենան՝ գնում ենք Գումբուրդո։ Ախալքալաքի շրջանի ամենամեծ գյուղերից է՝ 700 մարդ է ապրում։ Միջհամայնքային ճանապարհները նորմալ վիճակում են, գյուղը հիմնականում ասֆալտապատված չէ։
— Գումբուրդոյում Վրաստանի լավագույն դպրոցն է։ Ռուսաստանում հարստացած տեղացիներն են ֆինանսավորել։
— Կրթության մակարդա՞կն է բարձր։
— Մենք դա չգիտենք։ Շենքի մասին է խոսքը։
Ընտրական հանձնաժողովի անդամը չգիտի, որ ինքը հանձնաժողովի անդամ է։ Կուսակցության վստահված անձը չգիտի՝ որ կուսակցությունն է ներկայացնում․ «Չեմ հասկանում՝ բեյջիս վրա ինչ է գրված»։ Գյուղացիներից շատերը վրացերեն չեն խոսում։
Հանձնաժողովի քարտուղարը 50-ն անց տղամարդ է։ Տեսողական խնդիրներ ունի, դիմացը դրած մի քանի մատյաններն է անընդհատ փակում ու բացում, փորձում է հասկանալ, թե մեզ որ մատյանում պետք է գրանցի։ Նայելով բեյջիս գրված կազմակերպության անունը՝ բողոքում է, որ շատ երկար է։
«Այստեղ խախտումներ հաստատ կլինեն։ Սա վայրի գյուղ է։ Կեսը «Վրացական երազանքի» կողմնակից են, մյուս կեսը՝ նախկինների», – զգուշացնում է հանձնաժողովի տեխնիկական մասնագետը։ Ինտելիգենտ տղա է, եկել է Թբիլիսիից։
Առաջին ընտրողը 70 տարեկան պապիկ է, գալիս է 7:30 (տեղամասը պետք է բացվի 8-ին), հանձնաժողովի անդամները տեղում հարցնում են՝ «ո՞ւմ ես ընտրելու», ծիծաղում է՝ «ում պետք է, նրան էլ ընտրելու եմ»։ Բոլորը հասկանում են, թե ում է «պետք»։
Քվեասենյակը բավականին մեծ է։ Հենց մուտքի մոտ դրված է «Վրացական երազանքի» վստահված անձանց կամեռան, որը նայում է ուղիղ քվեախցիկին՝ ստեղծելով վերահսկելիության տպավորություն։ Ընտրական հանձնաժողովի բոլոր 17 անդամները տղամարդիկ են։ Մեր այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում ոչ մի կին չի գալիս քվեարկելու։
Տեղամասի բացվելուց րոպեներ անց ախալքալաքցի դիտորդը ֆիքսում է՝ ոնց է գյուղապետն ընտրողին լուսանկարում քվեախցում։ Դիտորդը երիտասարդ է ու, ի տարբերություն հանձնաժողովի անդամների, գիտի վրացերեն։ Փորձում են չարձանագրել խախտումը, ասում են՝ հայերեն խոսա, չենք հասկանում մենք քեզ։ Վերջը զանգում են հորը, որ աղջկա դեմն առնի։
Գումբուրդոյից գնում ենք Կիրովականի, հետո՝ Խոսպիո։ Երկու գյուղերի ընտրատեղամասերում էլ համեմատաբար հանգիստ է, «սովորական» վիճակ՝ տղամարդկանց կուտակումներ տեղամասերի դիմաց, նեղ սենյակներ, քաոտիկ ընտրակարգ, չափից շատ հանձնաժողովի անդամներ։
Կիրովականիի դպրոցը զարդարել են ընկերությանը նվիրված հայալեզու բանաստեղծությամբ․ «Ընկերն է միշտ քո կողքին, Նեղության ու լավ օրերին, Կտա նա կյանքը քեզ համար, Երբեք մենակ քեզ չի թողնի, Րոպե ու ժամ չի խնայի»։ Հանձնաժողովից նկարելու թույլտվություն եմ խնդրում։
Գնում ենք նախաճաշելու։ Ուտելիքի շուրջ ուտելիքի մասին խոսակցություններ են՝ «Թբիլիսիում չգիտեն տոլման ինչ է», «Կախեթիի խորովածն ամենահամովն է», «այստեղի ֆիռմեննիյ աղցանից ոչ մի տեղ չեք տեսնի»։ Անցնում ենք ավելի լուրջ խոսակցությունների։
Ջավախեթիի հիմնական արտադրանքը կարտոֆիլն է։ Վեգետացիոն շրջանը շատ կարճ է տևում, հողի թթվայնությունը ցածր է, դրա պատճառով պոպուլյար որոշ կուլտուրաներ էլ չեն աճում, օրինակ՝ հապալասը։ Եթե աճեն էլ, կա մթերման խնդիր։ Կարտոֆիլի գինն այս տարի շատ է ընկել․ բերքը առատ է համ Ջավախեթիում, համ էլ Թուրքիայում, չեն կարողանում իրացնել։
— Ամեն մարզ, ամեն բնագավառ իր մարդկանց ունի Թբիլիսիում։ Ջավախեթին լոբբինգ չունի, տեղի հարցերով զբաղվում են տարածաշրջանից անտեղյակ մարդիկ։ Այստեղի իշխանություններն ավելի շատ իրենց բիզնեսն են առաջ տանում, ու դա է նաև պատճառը, որ խառնված են ընտրություններում։
Տեղի ադմինիստրացիան ոչ մի լեզու նորմալ չգիտի և չի կարողանում դիմել արտասահմանյան և տեղական գրանտերի՝ պատմում է Մախարեն, ով աջակցում է ընդդիմությանն ու տեղական ՀԿ-ում է աշխատում։
— Մենք մեր ՀԿ-ով 5 տարվա մեջ 50 տրակտոր ենք բերել գյուղերին, համայնքապետը՝ 3։ Բայց մեզ հիմա օտարերկրյա գործակալ են հանում, իսկ իրենք հայրենասեր են։
Ծանոթ լրագրողից իմանում ենք՝ անցողիկ տեղով ընդամենը երկու հայ թեկնածու է անցնում, երկուսն էլ «Վրացական երազանքից» են․ «Կյուրեղյանի մասին բոլորը գիտեն․ Ջավախքում կեղծ աճուրդներով ահագին հող է իրենով արել»։
Երկար նախաճաշից հետո շարունակում ենք դիտորդական կյանքը։ Գյուղից գյուղ վրացերեն խոսքը պակասում կամ ավելանում է։ Տեղամասից տեղամաս մեզ տարբեր կերպ են դիմավորում։
— Հայաստանի՞ց եք։ Ձեզնից ի՞նչ միջազգային դիտորդ։
— Հայաստանի՞ց եք։ Հաշվի՝ եկել եք Հայաստան, թարգմանիչ ինչների՞դ է պետք։
— Հայաստանի՞ց եք։ Ի՞նչ գործ ունեք ստեղ՝ մեր հարազատ երկիրը թողել, եկել եք։
— Հայաստանի՞ց եք։ Ձեզ ստեղ ամե՜ն ինչ կարելի ա։
Դու կարող ես լինել ռուսամետ կամ արևմտամետ, եթե վրացի ես։ Փոքրամասնությունները դատապարտված են կոնֆորմիզմի։ Մեզ հեշտ է «դավաճան» հանել՝ ասում է հանձնաժողովի անդամներից մեկը։
— Ընդդիմությունը հեղինակություն վայելող թեկնածուներ չունի։ «Վրացական երազանքում» նույն նացիոնալներն (Սահակաշվիլու կուսակցությունը) են՝ կարիերիստների հավաքածու։ Երբ նայում ես՝ էս իշխանությունն է, էս էլ ընդդիմությունը, շատ հաճախ տպավորություն է, որ պայմանավորված են, պասերով են խաղում, իրար են սնում։ Իրենք իրար հետ ավելի շատ են աշխատում, քան հետաքրքրված են մարդկանցով։ Եվրաինտեգրումը մեծ մասին հետաքրքիր չի, իրենց կյանքին զուգահեռ է դա գնում, իրենց կյանքի օրակարգը չի։
Հասնում ենք Ջգրաշենի։ Դպրոցի պատերին եկեղեցիներ են, Ղարաբաղի «Տատիկ-պապիկ» արձանի և Երկրորդ համաշխարհայինում զոհված ջգրաշենիցիների նկարներ։ Տեղամասի ներսում և դրսում տեսնում ենք վկայական չկրող բազմաթիվ անձանց։ Հանձնաժողովի նախագահին հարցնում եմ՝ ինչի՞ են հավաքվել, ասում է՝ խոպանից են եկել, շփվում են։ Դիտողությունից հետո տղամարդիկ գնում են՝ պատուհանագոգին թողնելով հայերենով կազմված անուն- ազգանունների ցուցակը։ Հեռախոսով նկարում եմ։ Մոտ 55 տարեկան մի մարդ է մոտենում։ Քեֆը լավ է, ներկայանում է որպես գյուղապետ, ասում է, որ թուղթն իրենն է։
— Ցուցակ չի, թե ով ում է քվեարկել։ Ուղղակի նայում ենք՝ ով չի եկել, որ մեքենա ուղարկենք հետևներից։ Կգնաս, Հայաստանում կպատմես, թե էստեղ ինչ լավ գյուղապետ կա։
Ավելի վաղ նրա եղբոր տղան մեր մյուս դիտորդին պատմել էր, որ 8 տարի Հայաստանում ընտրություններ է կեղծել։
Ախալքալաքի տեղամասերից մեկում շփվում եմ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության վստահված անձի հետ, ով ձանձրույթից զրուցակիցներ է փնտրում։
— Հայերի մեջ ամենաջիգյարովը մենք ենք։ Ղարաբաղի պատերազմը երբ որ եղավ, գիտե՞ք Ջավախքը ֆուռերով ինչքան օգնություն ուղարկեց։ Ո՛չ մեկ չասեց շնորհակալություն։ Հիմա 21-22 տարեկան երեխեքը նոր-նոր վրացերեն են խոսում։ Մեր ժամանակ վրացերենը օտար լեզու էր, չէինք սովորում։ Հիմա հայերեն չկա՜ դպրոցներում։ Սարքերի ու քվեատուփերի վրա մեզ չեն դնում, մենակ իրանց մարդիկ են՝ «Վրացական երազանքից»։
Տեղամասերում հաշվարկը դեռ չի ավարտվել Ժամը 21:50-ից «Վրացական երազանքի» տասովշչիկներն արդեն սալյուտ են խփում։ Երկու ժամից սկսվում է կռիվը։ Այլ տեղամասերից վերադառնում են մեր գործընկեր դիտորդները, մանրակրկիտ պատմում իրենց գրանցած բոլոր խախտումները, գլուխ գովում, թե ինչ լավն են հայաստանյան ընտրությունները։
— Մեզ մոտ նույնիսկ ամենաանտեղյակ հանձնաժողովի անդամը գիտի, որ դիտորդն ընտրատեղամասում նկարելու իրավունք ունի, կարող է գրանցամատյանը նայել։
— Վստահված անձը խմա՜ծ էր։
— Այստեղ Հայաստանի 2013 թիվն է։
— Ֆսյո ժը տեղամասի մոտ ոստիկանների ներկայությունը պետք է։
— Պետք է այնպես անել, որ մեզ մոտ Էլեկտրոնային սարքերով քվեարկություն չլինի՛։
— Նույնն է, ինչ Հայաստանի գյուղերում: Եթե գյուղում թեկնածուի հետ կապված մարդ կա, ձայների 90 և ավել տոկոսն այդ ուժին է գնալու:
Առավոտյան իմանում ենք այն, ինչ մինչ այդ էլ գիտեինք․ Ախալքալաքի շրջանի գրեթե բոլոր տեղամասերում «Վրացական երազանքը» հավաքել է ձայների մեծամասնությունը՝ ավելի քան 80 տոկոս։