Home / Առողջապահություն / Ամեն ինչ թույն է. քիմիկատների շուկան վերաձևվում է

Ամեն ինչ թույն է. քիմիկատների շուկան վերաձևվում է

Էկոլոգ ու բժիշկ ակտիվիսիտները Կառավարությունից խնդրում են «մի բան անել» և վերահսկել «բարձր վտանգավորության» թունաքիմիկատների լայնածավալ կիրառումը հայաստանյան գյուղատնտեսության մեջ։ Ոլորտի պատասխանատուներին «Օրհուս» կենտրոնում կլոր սեղանի էր հրավիրել «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» կազմակերպությունը։

Փորձագետ  Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց, որ հետազոտության համաձայն 2015-2022 թվականի ընթացքում շուկայում շատացել են թունաքիմիկատները։ Մասնավորապես, միջատասպան քլորպերեֆոս նյութը  պարունակող ապրանքանիշները կրկնապատկվել են։ Գրիգորյանը խորուրդ է տալիսպաշտոնյաներին արգելել այս քիմիկատը։ Մարդու ուղեղի վրա իր ազդեցության պատճառով այն արդեն իսկ չի թույլատրվում աշխարհի 39 երկրներում, այդ թվում նաև Եվրամիությունում։

«Բայց մենք հասկանում ենք, որ սա նաև բիզնես է։ Եթե արտադրող երկրում թունաքիմիկատի կիրառումը արգելվել է, դա դեռ չի նշանակում, որ այն չեն վաճառի այլ երկրների՝ օրինակ՝ Հայաստանին»,- ասել է Գրիգորյանը։

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության գծով փորձագետ Գառնիկ Պետրոսյանը հորդորում է Եվրոպայի հետ չհամեմատվել։ «Գյուղացին դաժան կռիվ է տալիս հիվանդությունների դեմ։ Ամեն տարի հիվանդությունները շատանում են։ Սննդի տեսչությունն ունի  ընդամենը մի քանի մասնագետ։ Մենք այդ հնարավորությունը չունենք։ Չկան այլևս ագրոնոմ տեսուչներ։ Խորհրդային տարիներին կար յոթ հազար ագրոնոմ։ Այսօր գյուղացուն միայն քիմիկատ վաճառողն է օգնում դեղ ընտրել։ Նա էլ, բնականաբար, շահագրգռված է վաճառել այն դեղը, որից եկամուտը շատ է։ Հաճախ չհասկանալով էլ է վնաս տալիս՝ խառնում են թթվային  և հիմնային ռեակցիայով նյութեր, ստանում են մի չեզոք նյութ»,- ասել է Պետրոսյանը։

Պաշտոնյան  հասարակական կազմակերպություններին առաջարկում է տեղեկատվական արշավներ անել, որ «գյուղացիներն իմանան թույների հետ վարվելու կանոնները»։

Բոլորը համաձայնեցին. թույնը  դեղ է և հակառակը. հարցը  դոզավորումն է։

Թունաքիմիկատներ ներկրող «Հրաշք այգի»  ընկերության տնօրեն Արթուր Իվանյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ոլորտը ցնցումների է պատրաստվում։ Կառավարությունը երկու տարի է՝ չի թույլատրում ներկրել  չինական և հնդկական թունաքիմիկատներ։ Ըստ նրա՝ պատճառը բնապահպանական մտահոգությունները չեն, այլ իշխանություններն ուզում են արտոնություն տալ իրենց ծանոթ բիզնեսմեններին։

«Ինչու պիտի եվրոպականը ներկրենք, եթե Եվրոպան էլ է թույնը առնում Չինաստանից և Հնդկաստանից։ Ինչո՞ւ չգնենք առաջին ձեռքից։ Ի՞նչն է մեր նպատակը․ մեր գյուղացու համար ապրանքը թանկացնելով եվրոպացուն հարստացնե՞լը »,- ասել է Իվանյանը։

Epress.am- ը զրուցել է Արարատի մարզի երկու գյուղացիների հետ։ Նրանցից մեկը նախընտում էր չինական պարարատանյութերը, մյուսը՝ շվեյցարականը․ բուժումն ընտրում են ըստ աշխարհաքաղաքական հայացքների։