12:50 Այսօրվա բողոքի ակցիան ավարտվեց: Ակտիվիստները խոստացել են շարունակել ակցիաների անցկացումը Երևանում:
12:45 Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը բացատրություններ է ներկայացրել բողոքի ակցիայի մասնակիցներին՝ նշելով, որ վերջին տարիների ընթացքում թանկացել է դիզելային վառելիքը՝ հասնելով 480 դրամի: Բացի դա, թանկացել են պահեստամասերը: Նավասարդյանն ընդգծել է, որ ուղեվարձի թանկացման հարցը քննարկվել է դեռևս 2005 թվականին, սակայն այն ժամանակ որոշվել է գինը չբարձրացնել:
Պատասխանելով տրանսպորտի դոտացիայի մասին հարցին՝ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը բավարար գումարներ չունի դոտացիան ապահովելու համար:
Անդրադառնալով Ստեփան Սաֆարյանի դիտարկմանը,թե Տարոն Մարգարյանն ունի երկու երթուղային գիծ, Նավասարդյանը հայտարարել է, որ ինքը փաստաթղթերում նման բան չի տեսել:
Լուսանկարում՝ պաստառի վրա պատկերված են ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Սաֆարյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ «Երևանտրանս» ընկերությունը դիսպետչերական ծառայությունների համար ամսական 16500 դրամ է գանձում յուրաքանչյուր մեքենայից, ինչը ռեկետ է և ինչից դժգոհում են մի շարք տնտեսվարողներ: Նավասարդյանի խոսքով՝ ընկերությունն ունի դիսպետչերական կետեր, որտեղ կարող են հանգստանալ վարորդները, բացի դա դիսպետչերները իրականացնում են տրանսպորտային միջոցների տեղաշարժի հսկողության աշխատանքներ: «Երևանտրանս»-ի ստացած գումարները նաև գնում են կանգառներ տեղադրելու վրա:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը իր հաշվարկներ է ներկայացրել, համաձայն որի երթուղայինների դեպքում ուղեվարձի ինքնարժեքը կազմում է 83 դրամ, ավտոբուսների դեպքում՝ 89 դրամ: Նավասարդյանը հակադարձել է, թե այդ հաշվարկը գործում է միայն գերբեռնված փոխադրամիջոցների դեպքում, իսկ քաղաքապետարանը նպատակ ունի վերացնել այն պրակտիկան, երբ երթուղայինները լեցուն են, և, այդ դեպքում, ուղևորների պնդմամբ, իրենք դառնում են «շախմատի ձի»:
Ստեփան Սաֆարյանն առաջարկել է Երևանի քաղաքապետարանում քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կպարզի իրական սակագինը: Նավասարդյանը հայտարարել է՝ «հանձնաժողով ստեղծեք, եկեք միացեք մեզ» ու հեռացել է:
Նավասարդյանի հեռանալուց հետո Պիպոյանը բացատրել է, որ քաղաքապետարանի հաշվարկի դեպքում ստացվում է, որ Էրեբունիից Ավան երթևեկող երթուղայինը 15 մարդ է սպասարկում, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը: Պիպոյանն ընդգծել է, որ այն առնվազն սպասարկում է 25 մարդ, անգամ ավելին ու այս պահի դրությամբ 100 դրամ ուղեվարձի դեպքում յուրաքանչյուր մեքենա ունի ամսական 180 հազար դրամ շահույթ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը պնդել է, որ թանկացումը հիմնավորված չէ:
12:22 Ակտիվիստները կրկին սկսել են մետաղադրամներ նետել չինովնիկների ուղղությամբ: Քիչ անց նրանք հանդարտվել են և սկսվել է զրույցը:
12:15 Ստեփան Սաֆարյանն ակտիվիստներին փոխանցել է, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը պատրաստ է բողոքողների մի խումբ ընդունել և քննարկել հուզող հարցերը: Ակտիվիստները Սաֆարյանին խնդրել են փոխանցել Նավասարդյանին, որպեսզի վերջինս դուրս գա քաղաքապետարանի շենքից և անձամբ շփվի ցուցարարների հետ: Սաֆարյանի հետ շենքից կրկին դուրս է եկել Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, ապա նրան միացել է Հներիկ Նավասարդյանը:
11:50 Ակցիայի ընթացքում ակտիվիստներից մի քանիսը վիճել են ոստիկանների հետ, ովքեր փորձել են վերջիններիս ավելի հետ մղել քաղաքապետարանի մուտքի մոտից: Բողոքողները պարբերաբար վանկարկում են «Տարոն, ամոթ»:
11:45 Հանրային խորհրդի (ՀԽ) մամուլի քարտուղար Անի Գասպարյանը հայտարարել է, որ ՀԽ-ի ֆինանսատնտեսական հանձնաժողովում քննարկումից հետո Խորհուրդը դեմ է եղել ուղեվարձի բարձրացմանը և տվյալ որոշումն իրենց համար անակնկալ է եղել:
11:35 Լրագրողների և ակտիվիստների հետ շփվել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը և Դավիթ Սանասարյանը:
Սաֆարյանը նշել է, որ տրանսպորտի գնի բարձրացումը հիմնավորված չէ և բխում է այն մարդկանց շահերից, ովքեր երթուղային գծեր ունեն: Սաֆարյանի խոսքով՝ երկու գիծ էլ ունի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Բարև Երևանի» անդամը հիշեցրել է, որ երեկ իր խմբակցությունը պահանջել է Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել՝ ուղեվարձի բարձրացումը քննարկելու համար:
Դավիթ Սանասարյանը նշել է, որ ինքն անձամբ չի պատրաստվում 150 դրամ վճարել և երթևեկելու է նախկին ուղեվարձով՝ 100 դրամով:
11:25 Հավաքվածների մոտ դուրս է եկել Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, ով նշել է, որ 50 դրամ թանկացումը մինիմալն է, որն իրեն կարող էր թույլ տալ քաղաքապետարանը: Գևորգյանը նշել է, որ քաղաքապետարանն արդեն ներկայացրել է իր հիմնավորումները, ինչպես նաև փորձել է հավաստիացնել, որ տրանսպորտում սպասարկման որակը կբարձրանա, նոր ավտոբուսներ կներկրվեն:
Գևորգյանը մի քանի անգամ խուսափել է պատասխանել լրագրողների և ակտիվիստների՝ «Սա՞ էր ձեր խոստացած ավելի լավ Երևանը» (Ավելի լավ Երևան՝ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի կարգախոսն էր – խմբ.)՝ այլ բանի մասին խոսելով, ապա տեսել է, որ իր կողմ ակտիվիստները մետաղադրամներ են նետում, զայրացել է ու հեռացել:
11:15 Այսօր ժամը 11:00-ից Երևանի քաղաքապետարանի մոտ մեկնարկել է Երևանի հանրային տրանսպորտի թանկացման դեմ ակցիան: Մի քանի տասնյակ ակտիվիստներ այս պահին գտնվում են քաղաքապետարանի շենքի դիմաց և հրաժարվում են հեռանալ այդտեղից, չնայած ոստիկանների հորդորներին:
Բողոքողներն ընդգծում են, որ եկել են նախազգուշացնելու, որ 150 դրամ տրանսպորտի համար չեն վճարելու:
Տասնյակ ոստիկանները կանգնել են Երևանի քաղաքապետարանի մուտքի դիմաց, նրանցից մեկը բարձրախոսով պարբերաբար հայտարարում է, որ ակցիա իրականացնողները «խանգարում են քաղաքապետարանի աշխատակիցների բնականոն աշխատանքին»:
Հայտարարություն անելու պահին ակտիվիստները սուլում են և բարձր գոռում են՝ խլացնելով խոսացողին: Նրանք հայտարարում են, որ ի գիտություն են ընդունել ոստիկանների խոսքերը, բայց չեն հեռանա: