Գլխավոր / Տեսանյութեր / ՀԱԿ ակտիվիստներին բերման են ենթարկել թռուցիկների և «Սերժիկ, պետական դավաճան»-ի համար

ՀԱԿ ակտիվիստներին բերման են ենթարկել թռուցիկների և «Սերժիկ, պետական դավաճան»-ի համար

Մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքի մասին իրազեկող ակցիայի մեկնարկին մի խումբ ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։

Անցած գիշեր ՀԱԿ ակտիվիստները փորձել են քաղաքում հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ փակցնել ու «Սերժիկ պետական դավաճան» կարգախոսով ակցիա անցկացնել՝ Սերժ Սարգսյանի նկարով և այդ գրությամբ գրաֆիտիներ պատկերելով, սակայն ակցիայի մեկնարկին՝ ժամը 02։30-ին, 9 ակտիվիստների բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է բերման ենթարկվածներից Արեգ Գևորգյանը, նմանատիպ գործողություններով ոստիկանները փորձում են կանխել նախատեսված հանրահավաքի մասին հանրությանը իրազեկելու գործընթացը։

«Բերման ենք ենթարկվել իրազեկումը չսկսած՝ առանց լուրջ պատճառաբանության, իբրև թե թռուցիկներով փչացնում են գույքը։ Ենթադրում եմ, որ ոստիկանները նախօրոք իրենք արդեն պատրաստված էին, քանի որ թվով շատ էին։ Ակտիվիստները նույնպես մեծ թիվ էին կազմում, սակայն բերման ենթարկեցին 9-ին։ Ակնհայտ է, որ ոստիկանները կոնկրետ դիմադրությունով փորձելու են կասեցնել իրազեկումները՝ իրենց կողմից բոլորին հայտնի ու ծանոթ սցենար է», -նշել է Գևորգյանը։

Մեր թղթակցի հետ զրույցում ակտիվիստ Վարդան Հարությունյանը պատմել է, որ բաժնում բացատրագրեր կազմելու ընթացքում ոստիկաններից մեկը մոտեցավ ու ասաց՝ «չե՞ք կարա ձեր միտինգները ցերեկով անեք»։

«Պարզվում է, որ մենք փողոցով քայլում ենք, ուրեմն դա իրենց ընկալմամբ միտինգ է», — ասել է Հարությունյանը։

Երիտասարդներին վարչական ձերբակալության են ենթարկել և բաց են թողել 3 ժամ ոստիկանության բաժնում պահելուց հետո։