Վանաձորի բժշկական կենտրոնում մայիսին ծննդաբերելուց հետո կոմայի մեջ ընկած և շուրջ 9 ամիս «Էրեբունի» բժշկական կենտրոնում արհեստական ճանապարհով գոյատևող Լիլիթ Նալբանդյանի դեպքի առթիվ հարուցված քրեական գործում դեռևս որևէ պատասխանատու անձ ներգրավված չէ։ Պատճառն այն է, որ մինչ օրս Փորձաքննությունների ազգային բյուրոն ձգձգում է դատաբժշկական կրկնակի փորձաքննության պատասխանները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Լիլիթի ամուսինը՝ Արտակ Բարսեղյանը:
Կատարված առաջին փորձաքննությունը թերի և ոչ լիարժեք մասնագիտական, նրանում ներկայացված հետևությունները կասկածելի և ոչ արժանահավատ համարելով՝ վերջինս, դիմելով քննիչին, պահանջել էր կրկնակի փորձաքննություն։ Բարսեղյանը նաև ցանկություն էր հայտնել փորձագիտության կատարմանն անձամբ մասնակցել, ինչպես նաև իր կողմից հրավիրված փորձագետին ներգրավել:
«Սեպտեմբերի 25-ին կրկնակի փորձաքննություն է նշանակվել, փաստաթղթերն իրենց մոտ մուտքագրվել են հոկտեմբերի 8-ին, բայց մինչ այսօր հանձնաժողով դեռ չի կազմվել, իսկ մենք համոզված ենք, որ դրանից հետո պարզ կլինի բժիշկների մեղավորությունը: Ուղղակի իրենք ձգձգում են՝ չանհանգստանալով, որ մենք ժամանակ չունենք։ Իրենցից մարդու կյանք է կախված, որին փրկելու հույսերը ամեն վայրկյան քչանում են, իսկ այդ պատասխանից շատ բան է կախված», – պատմել է մեր զրուցակիցը: Նա նշել է, որ հիվանդության իրական պատճառների մասին իմանալով՝ գուցե, հնարավոր կլինի բուժել կնոջը։
Բարսեղյանի խոսքով՝ հունվարի 10-ից առ այսօր Փորձաքննությունների ազգային բյուրոյին ուղղված բոլոր դիմումները մեկ պատասխան են ստացել՝ «արդյունքները պարզ կլինեն հաջորդ շաբաթ»։
«Մոտ 3 օր առաջ գնացել եմ Առողջապահության նախարարություն, մտել եմ փոխնախարարի մոտ, զանգել եմ գործով զբաղվող բաժանմունքի վարիչին, սա էլ ասում է, թե Վանաձորից պակաս թղթեր կան։ Ես նույն օրը գնացել եմ Վանաձոր, մտնում եմ քննիչ Դոլմազյանի մոտ, ու պարզվում է, որ պահանջված բոլոր թղթերն ուղարկվել են: Հիմա սպասում ենք հանձնաժողովի ստեղծմանը, ինչը խիստ կասկածելի է՝ 4 անգամ ասել են հաջորդ շաբաթ», – ասել է Լիլիթի ամուսինը:
Ավելի վաղ Բարսեղյանը մեր թղթակցին ասել էր, որ սեպտեմբերի 10-ին ստացված փորձաքննության պատասխաններում նշված է, թե Լիլիթ Նալբանդյանի մոտ առաջացել է թրոմբոէմբոլիա։ Կնոջ հարազատների պնդմամբ՝ դա չի համապատասխանում իրականությանը։ Իրականում փորձագետները ցանկացել են կոծկել բժիշկների անօրինական գործողություններն ու անգործությունը: