Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ինչպես նախկինում, հիմա էլ չափազանց ցածր է գնահատում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև նրա մի շարք ենթակաների, այդ թվում՝ Աիդա Դեմիրխանյանի արժանապատվությունը։ Այս մասին Գասպարին հայտարարել է այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Էդիկ Ավետիսյան) կայացած դատական նիստի ընթացքում։ Դատարանը քննում է ոստիկանության աշխատակից Աիդա Դեմիրխանյանի հայցը, ով ակտիվիստից 1 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում արժանապատվությունը վիրավորելու համար։
Հայցի պատճառը Գասպարիի՝ ոստիկանության և կոնկրետ Դեմիրխանյանի հասցեին հնչեցրած արտահայտություններն են։ Մասնավորապես, Դեմիրխանյանը վիրավորվել է, երբ դատարանում Գասպարին ասել է, թե ոստիկանության որոշ ներկայացուցիչներ «ավելի ստոր և անարժանապատիվ են, քան Երևանյան լճի մոտ կանգնող մարմնավաճառները»:
Դեմիրխանյանի հետ հարցուպատասխանի ընթացքում Գասպարին փորձել է պարզել՝ իր կողմից հնչեցրած խոսքերը ընկալվել են անձին, թե՞ ոստիկանության աշխատակցին ուղղված վիրավորանք։ Դեմիրխանյանն ասել է, թե ինքը «բութ, անգրագետ, ստախոս» բառերը համարում է անձնական վիրավորանք։
Նիստի ընթացքում Գասպարին մի քանի անգամ պնդել է, որ ինքը որևէ անձնական հարաբերություն չի ունեցել հայցվորի հետ, և ընգծել է, որ տեղի ունեցածն անձնական հարաբերությունների դաշտ տեղափոխելը չափազանց վիրավորական է։
Ակտիվիստը նշել է, թե իր դիրքորոշումը նախկինի պես մնում է անփոփոխ՝ այն գնահատականները, որոնք ինքը տվել է ոստիկանության հասցեին, չափազանց մեղմ են։
Նիստից հետո Գասպարին լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ դատարանը, ամենայն հավանականությամբ, կընդունի հայցվորին հաճո որոշում․
«Ոստիկանությունն այս քայլով ուղղակիորեն դիմում է հնարավոր դրամաշորթության։ Չեմ կարծում, թե որևէ մեկը վիրավորվել է իմ խոսքերից, քանի որ իմ ու շարքային քաղաքացիների ուժերից վեր է ու չափազանց դժվար է ոստիկանին վիրավորելը։ Ոստիկաններն այնպիսի տեսակ են, որ իրենց վերադասի ամենավերջին սեռական բնույթի հայհոյանքներից ու խոսքերից չեն վիրավորվում, ուր մնաց իմ բառերից։ Երբ Ռոբերտ Մելքոնյանը (Երևանի նախկին փոխոստիկանապետը, անցել է թոշակի – խմբ․) իր ոստիկաններին հրում էր ցուցարարների վրա, տալիս էր ամենաայլանդակ հայհոյանքները, թե՝ «գնացեք սենց արեք, ընենց արեք», հիմա այդ ոստիկանին ես ո՞նց կարող եմ վիրավորել»։
Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին դատարանը կհայտնի ավելի ուշ։
Նշենք, որ ոստիկանության աշխատակցի բողոքը ներկայացվել է Վարչական դատարանում տեղի ունեցած նիստից հետո, որտեղ քննվում էր ոստիկանության հայցը Գասպարիի դեմ։ Այդ հայցով ՀՀ ոստիկանությունը ակտիվիստից 50 հազար դրամ էր պահանջում «Հարսնաքար» ռեստորանի մոտ բողոքի ակցիային մասնակցելու ընթացքում ոստիկանությանը «ստոր, սրիկա, հանցագործ» անվանելու համար: