Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանի եղբայրը փայ ունի վարորդների ընտանեկան բյուջեում․ քննարկում ԱԺ-ում

Սերժ Սարգսյանի եղբայրը փայ ունի վարորդների ընտանեկան բյուջեում․ քննարկում ԱԺ-ում

Հայաստանի ճանապարհներին և փողոցներում արագաչափերը և տեսախցիկները դրվում են ոչ թե խախտումների թիվը նվազեցնելու, այլ հաճախ վարորդների համար արհեստական որոգայթներ ստեղծելու նպատակով։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ ոչ կոալիցիոն 4 խմբակցություններն առաջարկում են ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի լրացուցիչ վճարների, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղիներ, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի բարձրացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածության հարցով։

Փաշինյանն ընդգծել է, որ լուրջ խնդիր է նաև երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների չափը։ Նրա խոսքով՝ նույն խախտումների համար Գերմանիայում ավելի քիչ գումար են գանձում, մինչդեռ Հայաստանում աշխատավարձերը տասնապատիկ նվազ են, քան այդ երկրում։

«Բայց այս ամենում կա նաև քաղաքական ենթատեքստ։ Հայաստանի քաղաքացիների 99.9 տոկոսը համոզված է, որ տեսախցիկներ և արագաչափեր տեղադրող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետևում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը։ Այսինքն ստացվում, որ ասում են՝ «ո՞ւր են գնում այդ գումարները»․․․ Սերժ Սարգսյանի ընտանիքին են գնում։ Եթե նախկինում հանրային գիտակցության մեջ Սերժ Սարգսյանի եղբայրը դիտարկվում էր որպես սրա-նրա բիզնեսներում փայ մտնող, հիմա նա յուրաքանչյուր վարորդի ընտանեկան բյուջեի մեջ փայ ա մտել։ Փաստը մնում ա փաստ։ Հիմա ի՞նչ է պետք անել։ Նախ՝ անհետաձգելի, պետք է վետո դնել նոր արագաչափերի տեղադրման վրա։ Ոստիկանությանն ուղղակի պետք է արգելել, որպեսզի նոր արագաչափեր և տեսախցիկներ տեղադրեն։ Երկրորդը՝ այստեղ հնչեց և, ես համաձայն եմ, 2-ից 10-ն անգամ երթևեկության կանոնների խախտումների տուգանքները պետք է նվազեցնել։ Սա փուլային տարբերակ է, վերջնական արդյունքում արագաչափերը պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից», – ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով հանձնաժողով ստեղծելու մասին 4 խմբակցությունների նախաձեռնությանը՝ Արդարադատության նախարարը, իր հերթին, նշել է, որ մարդ չի կարող խախտում անել ու չտուգանվել, իսկ եթե տուգանքները բարձր են՝ «կարելի է նստել և քննարկել հարցը»։

Նա հայտարարել է, որ ԱԺ-ն և կառավարությունը բաղկացած են նույն քաղաքական մեծամասնությունից, իսկ ոչ կոալիցիոն ուժերից «վախեցող չկա»։ Թովմասյանի խոսքով՝ եթե ոչ կոալիցիոն ուժերը հարցադրումներ ունեին, հարկավոր էր դիմել կառավարությանը և պատասխաններ ստանալ, այլ ոչ թե ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ։