Home / Հայաստան / Նոտարների հարկերը կթեթեևացնեն սպառողների հաշվին

Նոտարների հարկերը կթեթեևացնեն սպառողների հաշվին

Կառավարությունն առաջարկում է մոտ 50 տոկոսով բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները։ Փոփոխության պատճառներից մեկն, ըստ Ֆիննախի, այն է, որ նոտարների հարկերն ավելացել են մոտ 20 տոկոսով։

ԱԺ-ն մայիսին ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի, հաջորդ տարվա հունվարի մեկից նոտարները այլևս չեն կարող օգտվել հատուկ հարկման համակարգից (5 տոկոս շրջանառության հարկ կամ 0 տոկոս ձեռնարկատիրական հարկ), այլ ստիպված կլինեն վճարել շահութահարկ և ԱԱՀ։ Ֆիննախն այն ժամանակ պնդում էր՝ հարկերի բարձրացումը չի հանգեցի ծառայությունների թանկացման։

«Ֆինանսների նախարարության նպատակը հարկերից խուսափելու հնարավորություններից զրկելն է, այլ ոչ թե թանկացումներն ազգաբնակչության համար», – օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել էր Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Նոր նախագծով, սակայն, նոտարական ծառայությունների համար սահմանվող սակագները կաճեն մոտ 50 տոկոսով։

Բացի հարկային բեռից, նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև «վերջին տասնամյակում երկրի սոցիալ-տնտեսական փոփոխությունները»։ Չնայած, որ կառավարությունը հաճախ խուսափում է խոսել ինֆլյացիայի մասին, այս նախագծում, այնուամենայնիվ նշում է՝ սպառողական գներն աճել են մոտ 47 տոկոսով։

«2011 թվականից ի վեր սոցիալ-տնտեսական ցուցանիշներն էականորեն փոխվել են․ ՀՆԱ-ի աճ՝ ավելի քան 3 անգամ, միջին աշխատավարձի կրկնակի աճ, սպառողական գների ինդեքսի 47 տոկոս աճ։ Բացի այդ ընդլայնվել է նոտարական գործողությունների շրջանակը, ավելացել է իրականացվող ծառայությունների ծավալը», – նշված է օրենքի նախագծում։