հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Նախագահականի մոտ նստացույց անող Էջմիածնի բնակչի բողոքը մերժել են

Նախագահականի մոտ նստացույց անող Էջմիածնի բնակչի բողոքը մերժել են

Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը, ով մարտի 17-ից կնոջ և չորս մանկահասակ երեխաների հետ անժամկետ նստացույց է հայտարարել նախագահական նստավայրի դիմացի մայթին՝ պահանջելով վերացնել քրեական գործը մերժելու մասին քննիչի կայացրած որոշումը, բացասական պատասխան է ստացել։

Ապրիլի 5-ին Արմավիրի մարզի դատախազությունից նրան տեղեկացրել են, որ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ տարրեր չեն գտել։ Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը։

Խուդոյանը պնդում է, որ իր քույրը՝ Մարիետա Քալաշյանը, մայրը և նոտարական գրասենյակի աշխատակիցները կեղծել են պապու կտակը։ Քալաշյանի խոսքով՝ կեղծում չի եղել, և պապն օրենքով է տան մի հատվածն իրեն կտակել։

«Մեր մարզից գործը հանելու, ՀՀ գլխավոր դատախազություն բերելու երկու դիմում բողոքները մերժվել են։ Գլխավոր դատախազությունը ակնհայտ տեսել է ճշմարտությունը, ու երբ առաջարկում ենք փաստաթղթերով խոսել, Վիկտոր Գրիգորյանն ասում է՝ «ամեն ինչ պարզ է, դուք գործը ծամել եք, դուք գործից հասկանում եք», բայց գործը կրկին ուղարկում են մեր մարզ։ Մարզի դատախազ Արսեն Սիմոնյանն էլ մերժում է, ասում է՝ հանցակազմ չկա, քննիչ Վահե Տիգրանյանը գործը կարճելով ճիշտ որոշում է կայացրել։ Դատարան դիմելու մեկամսյա ժամկետ ունենք»,- ասել է Մակարյանը։

Նա նշել է, որ այսօր նամակ է հանձնել նախագահական նստավայրի նամակների բաժին և հանդիպում պահանջել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։

«Թող գործը բերեն գլխավոր դատախազություն, ու մենք կապացուցենք ճշմարտությունը, եթե իրենք իսկապես ուզում են բացահայտել իրականությունը», – եզրափակել է մեր զրուցակիցը։