Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստի ընթացքում դատախազը, ընթերցելով Ավետիսյանի հեռախոսազրույցների վերծանումը, դժվարացել է ընթերցել բառերից մեկը․ նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանը, ով մինչ այդ ներկաներից պահանջել էր լուռ մնալ ու չմիջամտել նիստի ընթացքին, դատախազին հուշել է՝ ինչ բառ պետք է ընթերցեր։ Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է Epress.am-ի թղթակիցը։
Մեր լրագրողի խոսքով՝ դատավորի հուշումից հետո նիստին ներկա ազատամարտիկներից ոմանք քմծիծաղել են, սկսել շշուկով զրուցել, ինչից հետո դատավորն ընդհատել է նիստն ու հարցրել՝ ծիծաղողն ով էր։
Դահլիճից պատասխան չստանալով՝ դատավորը հայտարարել է․ «Կնոջ փեշի տակ թաքնվելով չէ։ Տղամարդ եք՝ ասեք՝ ով է ծիծաղել»։
Ներկաները կրկին չեն արձագանքել, ինչից հետո դատավորը շարունակել է նմանատիպ արտահայտություններ հնչեցնել ներկա ազատամարտիկների հասցեին։
Նրանցից մեկը, դիմելով դատավորին, վերջիվերջո, ասել է․ «Դու ո՞ւմ փեշի տակ էիր, երբ մենք պատերազմում էինք»։
Վիճաբանությունից հետո ազատամարտիկներից ոմանք լքել են դահլիճը։
Epress.am-ի թղթակիցը հայտնում է, որ դատավորը նախ պահանջել է ներկաներին հեռացնել դատարանի դահլիճից, այնուհետև՝ ինքն է հեռացել։
Ներկա ազատամարտիկները պահանջում են՝ դատավորը ներողություն խնդրի, այլապես, կդիմեն Արդարադատության խորհրդին՝ նշելով, որ դատավորը չի համապատասխանում իր վարած պաշտոնին, ու կպահանջեն նրա ինքնաբացարկը։
Ավելի ուշ դատավորը վերադարձել է և նիստը հետաձգել անորոշ ժամանակով։
Վոլոդյա Ավետիսյանի աջակիցները կարծիք են հայտնել, որ դատավորը մտածված է հրահրել նրանց, որպեսզի հետագայում նիստերը փակ դռների ետևում անցկացվեն։