Զանգվածային բողոքի ցույցերից հետո աբխազ ընդդիմադիրներն ազատ են արձակվել։ Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը՝ ձերբակալությունից քիչ անց, մասամբ ճանաչված հանրապետության մայրաքաղաքում պրոտեստներ էին սկսվել․ ցուցարարները շրջափակել էին դեպի Սուխումի տանող կամուրջները և պահանջում էին ազատել ռուս-աբխազական ներդրումային համաձայնագրերը քննադատող ընդդիմադիրներին՝ Ասլան Գվարամիային, Օմար Սմիրին, Ռամազ Ջոպուային, Գարրի Կոկայային և Ալմասխան Արձինբային։
Նոյեմբերի 11-ին աբխազական խորհրդարանը արտահերթ նիստ էր գումարել և ընդունել «Աբխազիայի Հանրապետության տարածքում բազմաֆունկցիոնալ կոմպլեքսների իրավական կարգավիճակի մասին» սահմանադրական օրենքը։ Տեղական ընդդիմադիր լրատվամիջոցները համարում են, որ այս օրենքը հող է նախապատրաստում ռուս-աբխազական ներդրումային համաձայնագրերի վավերացման համար։ Ցուցարարների համոզմամբ՝ այդ համաձայնագրերով աբխազական տնտեսությունը հանձնվելու է ռուսաստանցի օլիգարխներին։
Հասարակական վերջին էսկալացիան «Էխո Կավկազա» լրատվականը պատճառաբանում է ոչ միայն համաձայնագրի շուրջ չդադարող խմորումներով, այլ այն քննադատող 5 ընդդիմադիրները կոշտ ձերբակալությամբ։
Իշխանամետ ԱՄՐԱ-լայֆ տելեգրամ ալիքը գրել էր, թե ընդդիմադիրները նոյեմբերի 11-ին հարձակվել են պատգամավոր Ալմաս Ագրբայի վրա և ծեծել նրան պարլամենտի շենքի մոտ։ Մոտավորապես նույնն էր ասել նաև Աբխազիայի գլխավոր դատախազը։ Օպոզիցիոն հակադարձել էր՝ ձերբակալությունները բացառապես քաղաքական բնույթ են կրել։ Ընդդիմությունը հայտարարել էր, թե ձերբակալվածների փռել են ասֆալտին, նրանց վրա ավտոմատներ են պահել և այլն։
Միջադեպից անմիջապես հետո պետական անվտանգության ծառայության մոտ հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել, ավելի ուշ բողոքի ցույցեր են սկսվել նաև Սուխումիի Ազատության հրապարակում։ Լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների համաձայն, ցուցարարների և ուժայինների միջև քաշքշուկ է սկսվել, ցուցարարները փորձել են գրոհել անվտանգության ծառայության շենքի դարպասները, ինչից հետո նախագահականի մոտ սկսվել է ռազմական տեխնիկա կուտակվել։ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել, պետանվտանգության ծառայության ղեկավարը տեղի ունեցողը նկարագրել է որպես զանգվածային անկարգություններ։ Ցուցարարների և իշխանության ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ ձերբակալվածներն ազատ կարձակվեն, ինչից հետո կբացվեն նաև շրջափակված կամուրջները։ Համաձայնությունը կյանքի է կոչվել ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։
Բողոքի ցույցերը, սակայն, շարունակվելու են։ Նոյեմբերի 15-ին՝ ներդրումային համաձայնագրի քննարկման օրը, Սուխումիում մեծ հանրահավաք է լինելու։
Ի՞նչ է լինելու, եթե ներդրումային համաձայնագիրը վավերացվի
Ներդրումային նախագծերին վերաբերող ռուս-աբխազական համաձայնագիրը հոկտեմբերի 30-ին ստորագրվել է Մոսկվայում։ Համաձայնագիրը լուրջ արտոնություններ է տալիս ռուսական խոշոր ներդրողներին։ Օրինակ, կապիտալ շինարարության օբյեկտների շահագործման առաջին 8 տարիների ընթացքում նրանք ազատվելու են գույքահարկից և շահութահարկից։
Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Էխո Կավկազայի» հետ զրույցում այս համաձայնագիրը նկարագրել է որպես «Ռուսաստանի՝ Աբխազիայի տնտեսության նկատմամբ վերահսկողությունն ամրապնդելու հերթական փորձը»։
«Ցանկացած ռուսաստանցի օլիգարխ, որը 2 միլիարդ ռուբլու ներդրում կկատարի, Աբխազիայում կստանա փաստացի անսահմանափակ իրավունքներ՝ երկարաժամկետ արտոնություններ, այդ թվում ազատում հարկերից, իշխանություններից բիզնեսի լիակատար պաշտպանություն և ենթակառուցվածքների սպասարկում պահանջելու հնարավորություն և այլն։ Այս արտոնությունները ընդհանրապես չեն տարածվում աբխազ գործարարների վրա», – նշել է Զաքարեիշվիլին։
Սպասվելիք օրենսդրական բարեփոխումները անբարենսպաստ պայմաններ են ստեղծում տեղական բիզնեսի համար և արտոնյալ դիրք են տալիս ռուսական կապիտալին։ Ընդդիմությունը սա Աբխազիայի տնտեսական անեքսիայի մաս է համարում։
«Պատմությունը շատ օրինակներ գիտի՞, երբ երկու երկրների համագործակցության քողի տակ օլիգարխիան աննախադեպ արտոնություններ է ստանում մի ամբողջ երկրի ակտիվները գրավելու համար», – գրել է ընդդիմադիր «Ապսնի Խաբար» լրատվական ալիքը։
KELESHBEY-ը աբխազական բիզնեսի արձագանքն այսպես է նկարագրել․ «Համաձայնագիրը արտաքին խոշոր կապիտալին հնարավորություն է տալիս անհավասար մրցակցության պայմաններում փաստացի մենաշնորհ ստանալ ցանկացած ոլորտում։ Մինչ տեղական բիզնեսը ոտքից գլուխ հարկերի տակ է, խոշոր կապիտալը դրանցից ազատվելու է [ընդհուպ մինչև] 25 տարի ժամկետով»։
Իշխանական «Սուխումսկայա կոֆեյնյա» տելեգրամ ալիքն այս քննադատություններին արձագանքել է ռուսական քարոզչական պլատֆորմների ոճով․ «Բոբոները նույնն են։ Պատմում են ինչ-որ «արտասահմանցի» օլիգարխների մասին, որոնք իբրև թե մտադրված են «մեջ-մեջ անել» Աբխազիայի տնտեսությունը Բժանիայի վարչակազմի հետ դավադիր համաձայնությամբ։ Զավեշտալի է, ինչպես են ռուսաստանցի գործարարներին, որոնք ուզում են մտնել մեր շուկա, նոր աշխատատեղեր ստեղծել և խոշոր ներդրումներ անել, [ընդդիմադիր] Ադգուրն ու նրա շրջապատը ներկայացնում որպես վտանգավոր կոմերսանտներ 90-ականներից»։
Բայց Աբխազիան Հարավային Օսիա չէ։ Ցույցերի ճնշման ներքո այնտեղ պարբերաբար հրաժարականներ էլ են լինում։ Այն, որ աբխազներին այս անգամ հաջողվել էր ընդամենը հաշված ժամերի ընթացքում պարալիզացնել ամբողջ Սուխումին՝ շրջափակելով դեպի մայրաքաղաք տանող ճանապարհները և՛ արևելքից, և՛ արևմուտքից, սպասվող դիմադրության ցուցիչներից է։