Ծննդաբերությունների 42 տոկոսը Հայաստանում կեսարյան հատումով են իրականացվում, ինչը երկու անգամ ավել է Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանած նորմայից։ Բժիշկները կեսարյան միջամտություն են անում՝ պետությունից և ծննդկանի ընտանքից ավելի մեծ գումար ստանալու համար։ Եթե կեսարյանի դեպքում բժիշկ-մանկաբարձը ստանում էր 220,000 դրամ պետական փոխհատուցում, բնական ծննդաբերության դեպքում՝ միայն 150,000 դրամ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտնել է, որ 2024 թվականից ծննդօգնության փոխհատուցման չափսը փոխվել է, որպեսզի բժիշկը շահագրգռված լինի ոչ թե դրանով, այլ կնոջ առողջության պահպանմամբ։
«Հիմա բարդացված ծնունդների փոխհատուցումը ավելի բարձր է, քան կեսարյանի փոխհատուցումը»,- ասել է Ավանեսյանը։
Այժմ երկուսն էլ փոխհատուցվում են մոտ 220 հազար դրամով։
Ըստ նրա՝ եկող տարի կտեսնենք, որ օրենքը ազդել է պրակտիկայի վրա։
ԱՀԿ-ի կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ երբ երկիրը կեսարյան հատումների հաճախականությունը 10%-ի է հասցնում, մայրական և նորածնային մահացությունը նվազում է։
Epress.am-ի հետ զրույցում «Մամ կենտրոնի» հիմնադիր Աստղիկ Վարդանյանն ասել է, որ 90-ականներից ի վեր կեսարյան հատումներն աճել են մոտ 35 տոկոսով և դրանց զսպումը հրամայական է։ Այնուամենայնիվ, միայն ֆինանսական լուծումը բավարար չէ։ Օրինակ, հարևան Իրանում ֆինանսական լուծումը կարճաժամկետ էֆեկտ է ունեցել, և համակարգային բարեփոխման բացակայության պայմաններում՝ կեսարյանի վիճակագրությունը նորից աճել է։
«Հայաստանը այն երկրներից է, որտեղ ֆինանսները շատ բան են որոշում և կանխորոշում։ Սակայն սա այն հարցն է, որտեղ միայն ֆինանսական կողմը բավարար չի լինելու հարցերին ճիշտ լուծում տալու համար։ Ըստ իս, ցանկացած նմանատիպ նախագիծ պետք է դրվի լայն քննարկման, պետք է լսելի լինի բոլոր շահագրգիռ կողմերի ձայնը, և որ ամենակարևորն է, պետք է բժշկական հանրությունը և հասարակությունը համոզված լինեն նման քննարկումների անկեղծության, ազնվության, անաչառության մեջ», – ասել է նա։
Բժիշկների «եկամտին» խփող օրենքին զուգահեռ՝ Առողջապահության նախարարությունն առաջարկել է 33 հազար դրամով էլ փոխհատուցել էպիդուրալ անզգայացումը։ Էպիդուրալ ցավազրկումը ծննդաբերության ամենաարդյունավետ ցավազրկման տեսակն է, ինչպես նաև ամենաինվազիվն է ու ռիսկայինը, և էլի պետք է կիրառել բժշկական ցուցումի դեպքում։
«Կառավարության հրամանը հնարավորություն է տալիս բոլոր ծննդաբերներին ցանկության դեպքում օգտվել այս ծառայությունից, բայց միևնույն ժամանակ ստեղծվում է մի իրավիճակ, երբ շատ հեշտ, շատ շուտ, առանց խորանալու ոչ դեղորայքային ցավազրկման հնարավորությունների մեջ, անցնում են էպիդուրալին: Որպես պետության կողմից վճարվող ծառայություն, էպիդուրալ ցավազրկումը շահավետ հոդված է շատ սակավ ֆինանսավորվող ծննդատների համար», – ասել է Վարդանյանը։
Կեսարյան հատումների աճի պատճառներից մի քանիսն են` ծննդաբերության ժամանակ ցավի վախը, ծննդաբերությունը պլանավորելու հարմարությունը, երբ այն առավել հարմար է ընտանիքին կամ առողջապահության ոլորտի մասնագետներին, կեսարյան հատումը կարող է ընկալվել որպես երեխայի համար ավելի քիչ տրավմատիկ ծննդաբերության տարբերակ: Սոցիալական ճնշում կա ծննդաբերության կատարյալ արդյունքի համար, և բուժաշխատողներին կարող են դատի տալ, երբ հեշտոցային ծննդաբերության արդյունքներն այնքան էլ բավարար չեն, ինչը մեծացնում է նրանց վախը դատավարությունից: Բացի այդ, որոշ կանայք կարծում են, որ կեսարյան հատման միջոցով ծննդաբերությունը ավելի լավ է կոնքի հատակի համար և նրանք հետագայում չեն տառապի անմիզապահությունից և սեռական օրգանների իջեցումից, կունենան սեռական կյանքի ավելի սահուն վերադարձ: Կեսարյան հատում են նախընտրում նաև կանայք, որոնք առաջին երեխային ունենում են համեմատաբար մեծ տարիքում, ունեն ավելորդ քաշի խնդիր, արտամարմնային բեղմնավորման միջոցով են հղիացել և պահանջում են «ապահով ծննդաբերություն» կեսարյան հատումով: Իրականում դեպքերը, երբ բժշկի կողմից տրվում է կեսարյան հատման բացարձակ ցուցում, բավականին քիչ են։