«Նաիրիտ» գործարանի մոտ 500 աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ ՀՀ կառավարությունը պետք է կատարի ավելի վաղ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի կողմից տրված խոստումը ու մինչև 2014 թվականի ավարտն իրենց նկատմամբ ունեցած պարտքն ամբողջովին մարի։ Նշենք, որ «Նաիրիտի» աշխատակիցներից շատերին գործարանը, որի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը, մինչև 18 ամսվա աշխատավարձ է պարտք։
«Մեզ խոստացել էին տալ մեր աշխատավարձերը, բայց հիմա ասում են՝ չենք կարող տալ ավելին, քան երկու ամսվա աշխատավարձը: Մեկը տվել են, մեկն էլ խոստացել են տալ դեկտեմբերի վերջին: Բայց մենք դրան չենք կարող համաձայնել: Հիմա եթե վարչապետը մեզ չընդունի, մենք կքննարկենք մեր հետագա քայլերը»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրիտ» գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
Նշենք, որ նախորդ շաբաթ «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացնել նաև ՀՀ նախագահի նստավայրի մոտ։