Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել է քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համախոհ Հայկ Կյուրեղյանի գործով հերթական նիստը, որի ընթացքում ամբաստանյալը 10 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից՝ դատարանին չհարգելու համար։
Ինչպես նախորդ նիստերին, այօսր ևս Կյուրեղյանը չի կանգնել «Ոտքի դատարանն է գալիս» հայտարարությունից հետո և նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանին դիմելիս խոսել է նստած։
Կյուրեղյանը կրկին պարզաբանել է՝ իր վերաբերմունքի պատճառն այն է, որ դատարանը համարում է «գրպանի դատարան» և«խաղալիք դատարան»։
Բեկթաշյանը զգուշացրել է, որ նման դեպքերում օրենքն ամբաստանյալին դահլիճից հեռացնելու հնարավորություն է նախատեսում։ Նախագահողն ընդգծել է, որ Կյուրեղյանի՝ նիստերին մասնակցելու իրավունքը կարող է խախտվել։ Ամբաստանյալը հակադարձել է՝ նշելով, որ դա դատավորի ընտրությունն է, ոչ թե՝ իր։
Կյուրեղյանին հեռացնելուց հետո նիստին ներկա նրա աջակիցները ևս լքել են դահլիճը։
Նիստի հետաձգվել է մինչև 2015 թ հունվարի 14֊ը՝ այդ ընթացքում հանրային պաշտպան ներգրավելու նպատակով։ Կյուրեղյանի նախորդ պաշտպան Արա Զաքարյանը այսօր ևս ներկա չէր նիստին, և Կյուրեղյանը հրաժարվել է պաշտպանի ծառայություններից։
Այնուամենայնիվ, պաշտպանի անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ Կյուրեղյանը 10 ժամ հնարավորություն չի ունենալու ներկա լինելու նիստերին։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու մասին Կյուրեղյանը տեղեկացրել էր ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանին։