էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը՝ 2013 թվականի դեկտեմբերի 3-ին, իր ընտանիքը Բաղրամյան փողոցից ապօրինի հեռացնելու և տնային կալանքի տակ պահելու ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել: Եթե դատարանը վճռի, որ ոստիկանների գործողություններն այդպիսին են եղել, Խուդոյանները կարող են փոխհատուցման պահանջ ներկայացնել:
Խուդոյանների ընտանիքը խնդիրն արդեն բարձրացրել է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում, սակայն նրանց դիմումը մերժվել է:
Epress.am֊ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պատմել է, որ այսօր վարչական դատարանում ավարտվել է գործի նախաքննությունը: Դատարանը բավարարել է Խուդոյանների հարևաններին որպես վկա հարցաքննելու հայցը, սակայն մերժել է նախագահականի դիմաց ակցիա անցկացնող Էմմա Սահակյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը: Դատավորը մերժումը պատճառաբանել է նրանով, որ ոստիկաններն ընդունում են, թե Խուդոյաններին ուժով են հեռացրել հացադուլի վայրից, ինչի մասին կարող էր վկայել Սահակյանը։ Ոստիկանները, ուժով հեռացնելու փաստն ընդունելով հանդերձ, պնդում են, որ իրենց գործողությունները օրինական են եղել:
Խուդոյանների հարևանները հարցաքննվելու են ոստիկանների կողմից ընտանիքի տեղաշարժի իրավունքն անօրինական կերպով ոտնահարելու մասով: Խուդոյանները պնդում են, որ նախագահականից հեռացվելուց և Էջմիածնում գտնվող իրենց տուն տեղափոխվելուց հետո գտնվել են տնային կալանքի տակ։ Նրանց խոսքով՝ խախտվել է ոչ միայն իրենց տեղաշարժի, այլ նաև հավաքներ անցկացնելու իրավունքը:
Աշոտ Խուդոյանը նախագահականի մոտ հացադուլ էր անցկացնում՝ պահանջելով իր քրոջ հետ ունեցած գույքային վեճի առնչությամբ արդար դատավարություն ապահովել։