հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ամուսինը վստահ էր, որ չի նստելու. խոշտանգված կինը բողոքարկելու է վճիռը

Ամուսինը վստահ էր, որ չի նստելու. խոշտանգված կինը բողոքարկելու է վճիռը

Ընտանեկան բռնության մեջ մեղավոր ճանաչված, սակայն համաներմամբ ազատ արձակված Սարգիս Հակոբյանի նախին կինը՝ Հասմիկ Խաչատրյանը, պատմում է, որ ամուսինը բազմիցս վստահեցրել է՝ «եթե ես քեզ սպանեմ էլ, կազատվեմ դատից, դու տենում ես ինչ պատմությունների միջից եմ չոր դուրս գալիս»:

Խաչատրյանին խոշտանգելու գործով դատավարությունը շուրջ 10 ամիս է տևել։ Դեկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Հակոբյանին 1.5 տարվա ազատազրկման է դատապարտել ու դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակել։ Խաչատրյանը և նրան աջակցող կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները վճռից դժգոհ են մնացել։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խաչատրյանն ասել է, որ ինքը մեծ ակնկալիքներ չուներ դատարանից, սակայն հույսը մինչև վերջ չէր կորցնում: «Կասկածում էի, որ հնարավոր է կաշառած լինեն, բայց որ դատաբժշկական փորձաքննություններով հաստատված խոշտանգման հոդվածը կհանեն, նման բան չէի մտածի»,- ասել է կինը:

Նա ընդգծել է, որ պատրաստվում է բողաքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը։

Հանդիպման մասնակից «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ի համահիմնադիր Լարա Ահարոնյանը նշել է՝ Հասմիկի գործով վճիռը ցույց է տալիս, թե հասարակությունում չկա գիտակցություն, որ ընտանեկան բռնությունը մի կնոջ հարց չէ, այլ հանցագործություն է հասարակության հանդեպ:

«Միակ ձևը, որ դու կարող ես արդարության հասնել, դա երբ մահանում ես։ Մնացած դեպքերում, նույնիսկ Հասմիկի դեպքում, իսկ նա խոշտանգվել է 9 տարի, դու կարող է տեսնես, որ համակարգը քեզ չի պաշտպանում», – ասել է Ահարոնյանը:

«Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը կարծիք է հայտնել, որ դատը ցույց տվեց՝ ոչ իրավապահ մարմինները, ոչ դատարանը չեն դիտարկել խնդիրը որպես ընտանեկան բռնության դեպք ու հաշվի չեն առել նրբությունները, օրինակ այն, որ բռնությունը տեղի է ունենում փակ միջավայրում առանց վկաների:

Իրավաբան Նոնա Գալստյանն ասել է, որ դատարանը իրավունք չուներ համաներում կիրառել, քանի որ, ըստ օրենքի, գործում առկա էր նաև քաղաքացիական հայց՝ փոխհատուցման պահանջով։