«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերեր, ովքեր այսօր մոտ 40 րոպեով փակել էին Բաղրամյան պողոտան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, որոշել են վերջնաժամկետ տալ Կառավարությանը․ մինչև վաղը՝ ժամը 11.00-ը, նրանք պատասխան են ակնկալում՝ արդյոք իրենց պահանջը՝ օրենքի կասեցումը, կատարվելու է:
Բողոքողներն իրենց պահանջի պատասխանը ստանալու ակնկալիքով վաղը գնալու են Կառավարության շենքի մոտ: Մյուս որոշումը, որն այսօր ձեռներեցները ներկայացրել են լրագրողներին, հետևյալն է․ օրենքը չկասեցնելու դեպքում փետրվարի 1-ից գործադուլ են սկսելու մինչև «Շրջանառության հարկի մասին» օրենքը կասեցվի: Նրանք հայտարարել են, որ փետրվարի 1-ից պաշտոնապես դադարեցնելու են իրենց բիզնես գործունեությունը և օրինական կերպով չեն վճարելու հարկերը:
Այսօրվա ակցիայի ընթացքում ձեռներեցները անդրադարձել են կառավարությունից նախագահական նստավայր գնալու իրենց որոշման պատճառներին։
«Մեզ ասեցին՝ գալիս եք նախագահականի մոտ, քաղաքականացնում եք հարկերի խնդիրը: Մենք էլ պատասխանում ենք՝ մենք չենք քաղաքականացնում: Թող վարչապետը մեզ ընդունի, լսի, չէինք գա նախագահականի մոտ»,- լրատվամիջոցներին պարզաբանել է ձեռներեցներից մեկը:
Բաղրամյան 26-ի մոտ հավաքված գործարարները խոսել են ակցիայի ընթացքում ոստիկանության դերակատարության մասին, այն բանից հետո, երբ վերջիններս հորդորել բողոքողներին բացել ճանապարհը և տեղավորվել մայթերի վրա:
«Եթե ոստիկաններն այսքան շատ չլինեն, մենք լավ էլ տեղ կանենք»,-պաստասխանում էին երթի մասնակիցները: