Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել մի խումբ անհատ տաքսու վարորդներ: Նրանք դժգոհ են այս տարվա փետրվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքից, համաձայն որի անհատ տաքսիստները պետք է արտոնագիր ստանան և ամսական 12000 դրամ վճարեն պետբյուջե:
Տաքսիստները պնդում են, որ արտոնագիր ձեռք բերելու գործընթացն արժենալու է մոտ 50.000 դրամ, քանի որ իրենք պետք է ներկայացնեն գազի համակարգի տեղադրման ակտ, տաքսիի տարբերանշան, գովազդ, որը կպարունակի վարորդի հեռախոսահամարը, սակագինը, ավտոմեքենան պետք է ունենա սակաչափիչ:
Բողոքի մասնակից տաքսիստներին մոտեցել է Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ասել, որ օրենքն այլևս չի կարող հետաձգվել, քանի որ երկու տարի առաջ պետք է ուժի մեջ մտներ, բայց այն ժամանակ հետաձգվել էր:
Վարորդները, սակայն, ասել են, որ այս երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել, և 12000 դրամն անհնար է վճարել։ Այս ժամանակահատվածում ավելացել են կարմիր գծերը (մեքենաների կայանման համար գանձվող գումարը), պարտադիր ապահովագրությունը, խախտումները ֆիքսող տեսախցիկները, թանկացել են ավտոպահեստամասերը, գազը, «տաքսի նստող չի մնացել»: Ըստ նոր օրենքի՝ առանց արտոնագրի երթևեկելու դեպքում վարորդները տուգանվելու են 50.000 դրամի չափով, առանց սակաչափիչի և տաքսու տարբերանշանների երթևեկելու դեպքում՝ համապատասխանաբար 25.000 և 10.000 դրամի չափով:
Տաքսիստների խոսքով՝ իրենք խնդրել են նախարարին, որ 12 հազար դրամն իջեցնեն մինչև 5 հազար, սակայն Գագիկ Բեգլարյանն ասել է, որ օրենքը ներկայիս տեսքով է գործելու։ Նա խոստացել է միայն, որ առաջին անգամ օրենքը խախտելու դեպքում տաքսու վարորդները չեն տուգանվի, այլ՝ կնախազգուշացվեն։