20.30 «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության՝ այսօր առավոտյան առևանգված ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծված վիճակում հայտնաբերել են Նոր Նորքի 8-րդ զանգվածում:
iLur.am-ը հայտնում է, որ Խաչատրյանը լուրջ վնասվածքներ ունի, նույնիսկ դժվարանում է խոսել: Նրան տեղափոխել են «Մալաթիա» բ/կ:
Արտակ Խաչատրյանը պատմել է, որ իրեն ծեծից հետո թողել են Նոր Նորքի 8-րդ զանգվածում, իսկ ծեծելու ժամանակ ձեռնաշղթաներ են հագցրել։ Առևանգողները եղել են դիմակներով։
16.24 Այսօր Երևանի Տոլստոյի փողոցից դիմակավորված անձինք անհայտ ուղղությամբ տարել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին:
Ակտիվիստի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, iLur.am կայքին տեղեկացրել է, որ Արտակին առևանգել են ավտոմատներով զինված դիմակավորված 3 մարդ: Ընդ որում, ոչ մեքենայի, ոչ առևանգողների վրա որևէ տարբերանշան չի եղել: Արտակ Խաչատրյանի մասին այս ընթացքում որևէ տեղեկություն չկա:
«Կենտրոնի քաղմասից հետաքննական խումբ է եկել, քրեականի պետի գլխավորությամբ, հիմա հետաքննում են», – ասաց Արտյոմ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, եղբոր առևանգումը կապ ունի նրա հասարակական ակտիվ գործունեության հետ:
«Ես երեկ երեկոյան եմ իր հետ խոսացել, ոչ մի անհանգստություն, կասկածելի խոսակցություն չի եղել, ոչ զանգել են, ոչ սպառնացել են: Արտակը քրեական աշխարհի հետ կապ չունի, բացի էդ էլ, նրան առևանգել են օրը ցերեկով՝ Կենտրոնի փողոցից: Ենթադրում եմ, որ հատուկ ծառայությունների ձեռագիրն է», – ասաց Խաչատրյանը:
Լուսանկարը՝ «ՖՈՏՈԼՈՒՐ»