«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունն անընդունելի և զարմացնող է համարում Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կողմից հեղինակած օրինագիծը, որն առնչվում է Օսմանյան կայսրությունում ազգային֊կրոնական փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությանը։
ՀԿ֊ի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախորդ տարի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազգային Ժողով էր ներկայացրել հայտարարության նախագիծ, որը դատապարտում էր Օսմանյան կայսրությունում եզդիների, հույների, ասորիների և այլ ազգային-կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը:
«ՀՀԿ խմբակցության ջանքերով այս հայտարարության նախագիծը մերժվեց: Մերժումը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հիմնավորեց նրանով, որ նշված հայտարարությունը արտաքին քաղաքականության մասով շահեկան չէ Հայաստանի համար:
Եվ ահա որոշ ժամանակ անց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հեղինակում է գրեթե համանման հայտարարության նախագիծ, որի հիմնական տարբերությունը պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծից այն էր, որ բացակայում էր եզդիների ցեղասպանության հիշատակումը: Նման պահվածքը Հայաստանի եզդի համայնքի համար անհասկանալի է և զարմացնող: Ինչու՞ է ԱԺ-ն մոռացության մատնում նույն կայսրության տարածքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Հայտնի է, որ մինչև 1914 թվականը, Օսմանյան կայսրության տարածքում բնակվող 200 հազար եզդի ընտանիքներից կարողացան փրկվել միայն 14 հազարը և հետագայում էլ եզդիները շարունակեցին հալածանքների ենթարկվել՝ հայ փախստականներին իրենց տներում պահելու մեղադրանքով: Ինչու՞ է Հայաստանի օրենսդիրը մոռանում այս փաստերի մասին և մի՞թե եզդիների ցեղասպանության հանգամանքն էր ՀՀ արտաքին քաղաքականության տեսանկյունից ոչ ձեռնտու:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է օրենքի համահեղինակ պատգամավորների վերաբերմունքը առ եզդի ժողովուրդ և կոչ անում նշված հայտարարության նախագծում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ հակառակ պարագայում մենք այն կընկալենք, որպես խտրականություն եզդի ժողովորդի նկատմամբ», ֊ ասված է «Սինջարի» տարածած հայտարարության մեջ: