Մարինեն ուրախությամբ կիսվում է մի փոքր քաշ հավաքելու լուրով․ «Գոնե հարևաններս կսկսեն ճանաչել, թե չէ մինչև չբարևեմ, տեղը չեն բերում՝ էնքան եմ նիհարել»։
Շենքին կից խանութներից մեկում է աշխատում՝ ամսական ստանալով 110 հազար դրամ աշխատավարձ ու 20 հազար՝ հավելավճար։ Կինը նաև վարկ է փակում։
– Օրը 8 ժամ, Ժամը 500 դրամ։ Եթե ավել մնացիր՝ ավել ես վարձատրվում։
– Վերաբերմունքն ա ուրիշ․ քեզ ստրուկ չես զգում, – սուպերմարկետում աշխատած փորձը հիշելով, ասում է նա։ Գործի այդ ռեժիմը նաև առողջական խնդիրների պատճառ է դարձել, որոնք լուծելու համար երկու անչափահաս երեխաների մայրը ժամանակ ու հնարավորություն չունի։
MG սուպերմարկետների ցանցում (որի առաքելությունն է մեզ ներկայացնել «ճկուն գնային քաղաքականություն, թարմ և որակյալ արտադրանք») աշխատած մեկ ժամը 460 դրամ արժե։ Ընդմիջումը 20 րոպե է տևում. «մինչև տեղ ես հասնում, շունչ քաշում, արդեն 15 րոպեն անցավ, արագ կոֆե ես խմում, վերադառնում»։
Աշխատանքի ժամերին հեռախոսից օգտվել չի թույլատրվում, չի կարելի նաև նստել՝ միայն ոտքի վրա, նույնիսկ եթե տվյալ պահին հաճախորդ չկա։
– Իրավունք չունես։ Նախ, նստելու տեղ էլ չկա։ Իսկ եթե նույնիսկ ընթացքում ուզես աստիճանին նստես, իրավունք չունես։
– Ինչո՞վ են բացատրում։
– Օրենքը տենց ա․․․ Հաճախորդներից ծանոթ մարդ տեսար՝ չխոսել, էրեխեդ գա, հասնի դպրոցից հետո՝ պաչել չկա, խոսել չկա․․․
Ընդմիջումն ու ճանապարհածախսն աշխատողն ինքն է հոգում։ Հաշվի առնելով, որ երկրորդ հերթը կեսգիշերին է ավարտվում, վաստակած գումարով «հեռու չես գնա»։ Միակ դեպքից հետո, երբ ճանապարհածախսը սուպերմարկետն էր հոգացել՝ կոլեգային դեպի Խարբերդ գյուղ տաքսիով ճանապարհել, ասացին՝ «բյուջեն պրծավ, քո ճանապարհն էլ երկար ա»։
– Գիտե՞ս՝ ոնց են անում։ Օրինակ, մի քանի կանգառ ներքև 500 դրամ ա բռնում ու երեք հոգի նույն ուղղությամբ են գնում, ուղարկում են ու ասում՝ մնացածը՝ ձեր վրա։
– Եթե ներկայիս փոքր խանութի հետ համեմատես, որը ցանցային չի, սուպերմարկետ չի, տարբերություն կա՞։
– Վերաբերմունքն ա ուրիշ․ քեզ ստրուկ չես զգում։ Տարբերությունն էդ ա։ Ցանցերում հաշվի չեն առնում՝ տուն, տեղ, երեխա, դպրոց, հիվանդանոց, հոգնածություն․․․ Քո ժամն ա՝ պիտի գաս։
– Իսկ եթե իրոք չես կարող։
– Խնդիր ա։ Իմ դուրս գալու պատճառն էլ հենց դա էր։ Էրեխու վերջին զանգն էր, պիտի տանը մնայի՝ չթողեցին․․․ ես լացելով գնացի ռեստորան։ Ասեցի՝ գնում եմ ռեստորան, ուզում եմ տանը մնալ՝ գործեր ունեմ։ Մենեջերն էլ թե՝ ուրեմն վաղը առավոտ 8-ից մինչև 24:00 կգաս։ Ես բացատրեցի, որ ֆիզիկապես ի վիճակի չեմ լինի էդքան աշխատեմ։ Ասեց՝ չէ, ուրեմն չես կարող գնալ։ Ու ես ստիպված գնացի առավոտ 8-ից 4-ը, որ դրանից հետո կարողանամ ռեստորան գնալ, դեռ մի բան էլ ասացին՝ քեզ լավություն արեցինք, ժամդ փոխեցինք։
Նույն սկզբունքայնությունը, սակայն, չէր նկատվում, երբ վաճառողուհու գրաֆիկն էր խախտվում․
– Իրենք, չգիտես՝ ինչու, մեկ էլ այլ ժամերի՝ իմ սմենից դուրս, կկանչեին։ Իմ հերթը 4-ից էր սկսվում, գիշերը 12-ին զանգում, ասում էին՝ աշխատող չկա, վաղը կեսօրին կգաս գործի։ Ասում էի՝ չեմ կարա, հյուրեր ունեմ, ես իմ ժամին եմ գալու։ Բայց դրանից հետո, երբ գործի ես գնում՝ արդեն վերջ, քիթմռութ արած, քո դեմ տրամադրված, լարված են․․․
Աշխատողներ ունեինք, էնքան էին աշխատում, ասում էինք՝ Էմջիի վկա։
– Գոնե ավել կամ հավելավճար ստանո՞ւմ էին։
– Չէ հա, մենակ հասանելիքը։ Ամեն ժամը՝ 466 դրամ, ավել աշխատեցիր՝ հավելյալ 460… մի խոսքով, 3666 դրամ 8 ժամի համար։ Հաշվի չի առնվում, որ անձնական կյանք ունես, ազատ ժամանակի կարիք։ Դու քո կյանքը չպիտի ունենաս։
Շաբաթական մեկ օրը՝ հանգստյան։ Եթե այլ ելք, քան հերթափոխը բաց թողնելը, չի մնում, աշխատողը զրկվում է նշված օրավարձից։
– 15 օրվա մեջ մեկ օր հանգիստ է հասնում։ Բայց եթե ուզում ես երկու օր իրար հետևից հանգստանաս, արդեն էդ երկու օրվա համար չեն վճարում, ինչ ա՝ գրաֆիկը փոխեցիր։ Տարբերությունը ո՞րն ա, – հարցնում է Մարինեն։
Վարձով ապրող ընտանիքին օգնելու համար 17-ամյա ուսանողուհի Անուշը մեկ ամիս աշխատեց ԵրևանՍիթի սուպերմարկետների ցանցում․ «Օր կար՝ երկու սմեն էի գնում․ 9-ից 23:00։ Օր կար՝ առավոտվա 9-ից 15:30, լինում էր՝ 18:00-ից մինչև 00:30»:
Վարձատրությունը 15 oրը մեկ էին փոխանցում, օրական 5000 դրամ: Սակայն Անուշն աշխատում էր երկու հերթափոխ լրացնել՝ 10 հազար ստանալու համար։
Երկու հերթափոխի դեպքում երկու ընդմիջում էր հասնում՝ ամեն մեկը 20 րոպե․ «Ժամանակի մեջ ընդհանրապես չէի տեղավորվում․ մինչև հերթերով էի անցնում մի բան առնելու համար, կասայում կանգնում, մի 5 րոպե էր մնում։ Արագ ուտում, դուրս էի գալիս»։
Վաճառողները նստելու տեղ չունեն․ այս դեպքում ևս զրուցակիցը պատմեց, որ նույնիսկ հաճախորդների բացակայության պայմաններում պետք է «բաժիններով շրջես»․
«Ավել աշխատողներ հիմնականում պետք են հենց ձմռանը, երբ խաղալիքներ են բերում ու դասավորող ա պետք։ Ես հենց խաղալիքների բաժնում էի»։
Նման գրաֆիկով աշխատելու հետևանքներից էին այտուցված ոտնաթաթերը։ Տանեցիները նրան այդ ժամանակահատվածում մեկ դիրքով են հիշում․ «Ոտքերը բարձրացրած մի տեղ նստում էր, ձենն էլ չէինք լսում»։
Մեր մյուս զրուցակիցները, որոնցից մի մասը գործող աշխատողներ են, նույն իրավիճակն են նկարագրում․ իրենց խոսքով՝ հանդուրժում են ծանր պայմանները ամիսը լրացնելու ու «տույժի» տակ չընկնելու համար («աշխատավարձից կպահեն»), զուգահեռաբար այլ աշխատանք են փնտրում։