Ռուսաստանը Աֆրիկյան երկրներից (Ուգանդա, Ռուանդա, Քենիա, Հարավային Սուդան, Սիերա Լեոնե, Նիգերիա) և Շրի Լանկայից 18-22 տարեկան 200 կանանց ներգրավել է «Շահեդ» հարվածային դրոնների արտադրության մեջ։ Գործարանները գտնվում էն Թաթարստանի «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում։ Associated Press-ի (AP) լրագրողների հետ զրուցած կանայք պատմել են, որ միայն Թաթարստան հասնելուց հետո են իմացել, որ պետք է աշխատեն դրոններ պատրաստող գործարանում։
Ասիական և Աֆրիկյան երկրներից աշխատանք փնտրող կանանց Ռուսաստան բերում են «Alabuga Start» օնլայն ծրագրի միջոցով։ Սոցիալական ցանցերում տարածվող գովազդներում դիմորդներին խոստանում են ինքնաթիռի անվճար տոմս, բարձր աշխատավարձով աշխատանք հյուրընկալության կամ հանրային սննդի ոլորտներում (նախկինում գովազդում նշված էր «ավելի քան 700 դոլար», հիմա՝ «ավելի քան 500 դոլար» աշխատավարձ)։ Հոլովակներում Ռուսաստանում աշխատանքային հնարավորությունների մասին պատմում են սև կանայք, ովքեր ուրախ երաժշտության տակ շրջում են Թաթարստանի գեղատեսիլ վայրերում, սպորտով են զբաղվում, պատմում են, որ գոհ են իրենց աշխատանքից։ Ծրագիրը գովազդվում է նաև աֆրիկյան երկրներում մեծ լսարան ունեցող տիկտոկերների միջոցով։
Աշխատանքի տեղավորվելու համար դիմած կանայք համակարգչային խաղի տեսքով հանձնարարություն են անցնում, հանձնում են 100 բառից կազմված ռուսերեն լեզվի թեստ։ AP-ն գրում է, որ բառերի ցանկում կան «գործարան», «կպցնել», «քանդել» բառերը։ «Alabuga Start»-ի գովազդային հոլովակներում երևում է «Շահեդ» անօդաչու թռչող սարքի նկար, թեև ըստ տեքստի աշխատանքները «հյուրընկալության կամ հանրային սննդի» ոլորտներում են։
Սկզբում ասում էին, որ ծրագրի մասնակիցները գնում են Ռուսաստան սովորելու։ Հիմա ուղիղ ասում են, որ նախագիծը կրթական չէ, բայց գովազնդներում առաջվա պես օգտագործում են դպրոցական համազգեստով կանանց լուսանկարներ։ Ռուսաստանում Սիերա Լեոնեի դեսպան Մոհամեդ Յոնգավոն 2024-ի մայիսին ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ վստահ էր, որ խոսքը կրթական նախաձեռնության մասին է. «Լավ է, որ «Ալաբուգայում» սովորելու համար ուսանողներ գալիս են նաև Սիերա Լեոնեից»։
Դրոների պատրաստման գործարաններում աշխատելու համար մարդկանց ներգրավում են դիվանագիտական ճանապարհով։ «Alabuga Start»-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել 26 երկրների դեսպանների հետ։ Ուգանդայում գովազդային արշավի շրջանակներում այցելել են մանկատներ, սաներին պատմել են «կրթական ծրագրի առավելությունների մասին»։ Ծրագիրը խրախուսել են Ուգանդայի ու Եթովպիայի կրթության նախարարություններն ու ԶԼՄ-ները։ «Alabuga Start»-ը ներկայացնում են որպես «աշխատելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու հիանալի հնարավորություն»։
Associated Press-ի հետաքննությունը ցույց է տվել, որ «Ալաբուգան» ռուսական միակ նախաձեռնությունն է, որը զբաղվում է աֆրիկյան, ասիական և հարավամերիկյան երկրներից զինարտադրության ոլորտում աշխատելու համար մարդկանց ներգրավմամբ։ Օտարերկրացի կանանց 90 տոկոսը զբաղվում է անօդաչու թռչող սարքերի դետալների պատրաստմամբ, հիմնականում՝ հստակ ունակություններ չպահանջող։ «Alabuga Start»-ը հուլիսի 30-ին ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 2024 թվականի առաջին կեսի ընթացքում ծրագրին միացել է 182 մասնակից 30 երկրներից, մեծամասնությունը՝ Ուգանդայից։
Associated Press-ի հետ զրույցում աֆրիկյան երկրներից Ռուսաստան տեղափոխված կանայք պատմել են, որ անընդհատ վերահսկողության տակ են, թե’ հանրակացարններում, թե’ աշխատանքի վայրում։ Աշխատում են մինչև 12 ժամ, աշխատավարձը խոստացվածից քիչ է։
Դրոնների գործարանի աշխատակցուհիներից մեկը պատմել է, որ նոր ներգրավված կանանց սովորեցնում են ԱԹՍ-ներ հավաքել ու պատել դրանք խեղդող թունավոր նյութով։ Աշխատում են առանց պաշտպանիչ դիմակների ու այլ միջոցների, թունավոր նյութերի հետ շփման պատճառով մաշկային խնդիրներ ու բորբոքումներ են ունենում։ Թե կոնկրետ ինչ նյութերի մասին է խոսքը՝ հայտնի չէ։ Մարտավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի անօդաչու թռչող սարքերի գծով փորձագետ Ֆաբիան Խինցը հաստատել է, որ «Շահեդների» արտադրության մեջ օգտագործվում են թունավոր, խողդող նյութեր։
Աշխատակցուհիների մեծամասնությունը պայմաններից դժգոհ է։ Պատմում են, որ իրենց աշխատավարձից պահում են հանրակացարանի, ինքնաթիռի տոմսերի, բժշկական ծառայությունների և ռուսերենի դասերի վճարները։ Մնացած գումարը երբեմն չի բավարարում նույնիսկ հանրային տրանսպորտից օգտվելու համար։ Աշխատակիցներին վերաբերվում են «ստուկների պես»։ Ռուսական բանկերի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով ընտանիքին գումար ուղարկելը բարդ է, բայց քանի որ հայրենի երկրում գումար աշխատելու հնարավորություն չունեն, շարունակում են մնալ Ռուսաստանում և աշխատել՝ թեկուզև նման վատ պայմաններում։
Ռուսաստանի ԱԳՆ-ն, Թաթարստանի իշխանությունները և «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու ներկայացուցիչները Associated Press-ի հայցերին չեն պատասխանել։ AP-ն կապնվել է 22 երկրների կառավարությունների հետ, որոնց քաղաքացիները մասնակցում են «Ալաբուգայի» ծրագրերին։ Մեծամասնությունը հարցերից խուսափել է՝ նշելով, որ ժամանակ է պետք խնդիրն ուսումնասիրելու համար։ Ուգանդայի իշխանությունները մտահոգություններ են հայտնել Մոսկվայում իրենց դեսպանատանը. ուզում են համոզվել, որ «խոցելի կարգավիճակում գտնվող միգրանտ կանանց» չեն շահագործում։