հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Խաղաղության Նոբելյանը շնորհել են ատոմային ռմբակոծություններ վերապրածներին

Խաղաղության Նոբելյանը շնորհել են ատոմային ռմբակոծություններ վերապրածներին

Խաղաղության մրցանակն այս տարի ստացել է ատոմային ռմբակոծություններ վերապրածների կազմակերպությունը՝ ճապոնական «Նիհոն հիդանկյոն» (Հիբակուշա):

Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը՝ մրցանակը շնորհելիս նշել է, որ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները վերապրածների Հիբակուշա շարժումը պայքարում է «միջուկային զենքից զերծ աշխարհ ստեղծելու համար» այն ժամանակ, երբ ատոմային գերտերությունները ոչ միայն ավելացնում, այլև արդիականացնում են իրենց զինանոցը:

«Նրանք ոգեշնչում և իրազեկում են մարդկանց ամբողջ աշխարհում, ստեղծում անվտանգության հիմքեր մարդկության ապագա գոյության համար»,- ասել է կոմիտեի ներկայացուցիչը։

1901 թվականից ի վեր Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է 104 անգամ։ Այս տարի մրցանակի համար առաջադրվել էր 286 թեկնածու։ Անցյալ տարի այն ստացել էր իրանցի ակտիվիստ Նարգիզ Մոհամմադին՝ երկրում կանանց իրավունքները ոտնահարող իրանական ռեժիմի դեմ պայքարելու համար։

ինչպես են ընտրում խաղաղության մրցանակը հաղթողներին

Խաղաղության մրցանակը միակն է, որը շնորհվում է ոչ թե Շվեդիայի, այլ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի կողմից: Որոշում կայացնողները հինգն են։ Նորվեգական կոմիտեի կանոններով՝ մրցանակի համար կարող է առաջադրվել ցանկացած անձ, սակայն թեկնածուներ առաջարկելու իրավունք ունեն սահմանափակ թվով մարդիկ։

Թեկնածուներ առաջադրելիս հաշվի են առնվում Ալֆրեդ Նոբելի կտակի մեջ նշված երեք չափորոշիչներ՝ խաղաղ բանակցությունների խթանում, ներդրում զինված ուժերի թվաքանակի կրճատման և ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդման գործում:

Ինչպես հայտնում են կոմիտեից, վերջին 120 տարիների ընթացքում Նոբելի պատկերացումներին ավելացել են ևս մի քանի հստակեցնող ձևակերպումներ՝ օրինակ, միջազգային համագործակցությունը, մարդու իրավունքները, խաղաղության մեջ ոչ միայն անհատների, այլև կազմակերպությունների ներդրումը։

Կարմիր խաչի հիմնադիր շվեյցարացի Անրի Դյունանը առաջինն էր, ով 1901 թվականին ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Կարմիր Խաչը որպես կազմակերպություն հետագայում երեք անգամ ​​ստացել է մրցանակ, ինչը ռեկորդային է։

Խաղաղության մրցանակը ստանալու համար նվազագույն տարիք չկա, սակայն կոմիտեն ընդգծում է, որ անհատի ներդրումը խաղաղության գործում պետք է նշանակալի լինի, և դա ժամանակ պահանջող գործ է, ուստի մրցանակակիրները սովորաբար հասուն մարդիկ են:

Խաղաղության Նոբելյանի պատմության ամենաերիտասարդ դափնեկիրը 17 ամյա պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուսուֆզայն է, ով պայքարել է աղջիկների կրթության իրավունքի համար և հետապնդվել թալիբների կողմից։

վիճահարույց մրցանակ

Նորվեգիայի կոմիտեի ընտրությունը գրեթե ամեն տարի քննադատության է արժանանում․ հատկապես, երբ մրցանակի դափնեկիրը զինված հակամարտության մեջ ներքաշված երկրի ղեկավար կամ քաղաքական գործիչ է։

2022 թվականին այն ստացել են բելառուս, ուկրաինացի և ռուս իրավապաշտպաններ՝ բելառուսական «Վեսնա» կազմակերպության հիմնադիր Ալես Բիալյացկին, Քաղաքացիական ազատությունների ուկրաինական կենտրոնը և ռուսական «Մեմորիալը» (Ռուսաստանի իշխանությունների կողմից ճանաչվել է օտարերկրյա գործակալ, այժմ լուծարված է): Պատերազմի պայմաններում Ռուսաստանցիների հետ համատեղ առաջադրումը Ուկրաինայում մեծ զայրույթ էր առաջացրել։

Մեկ տարի առաջ՝ 2021-ին մրցանակը կիսել են Նովայա Գազետա թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը և ֆիլիպինյան Ռափլեր լրատվական կայքի հիմնադիր Մարիա Ռեսսան։ 2022 թվականի սեպտեմբերին «Ռոսկոմնադզորի» հայցի հիման վրա Մոսկվայի դատարանը չեղարկել է «Նովայա գազետա»-ի լիցենզիան, իսկ մեկ տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, Մուրատովը ներառվել է օտարերկրյա գործակալների ցուցակում:

Վերջին ժամանակների ամենավիճահարույց մրցանակակիրը եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա մրցանակը ստացալ է պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Քննադատներն ասում էին, որ նա դեռ ոչինչ չի արել հանուն խաղաղության, և մրցանակը նրան տրվել է պարզապես այն պատճառով, որ նա դարձել է ԱՄՆ առաջին սև նախագահը։