Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության կոնֆերանսը միաձայն ընդունել է քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձև, որն առաջարկվել է իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Ալես Բելյացկու կողմից։ Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի քաղբանտարկյալներին։
«Այս պետությունների կառավարությունները պետք է հասկանան, որ քաղաքացիներին իրենց քաղաքական հայացքների համար բանտարկելը հակասում է պարտավորություններին, որ այդ երկրները ստանձնել են՝ դառնալով «Արևելյան գործընկերության» անդամ։
Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, հասարակական կազմակերպությունների նկատմամբ հետապնդումները պետք է դադարեցվեն, և մարդու իրավունքները պետք է հարգվեն»,֊ ասված է բանաձևի տեքստի մեջ։
Նշենք՝ միջազգային և տեղական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական գործիչներ և ուժեր Հայաստանում քաղբանտարկյալ են ճանաչել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին և նույն գործով ձերբակալված մյուս գործիչներին, ինչպես նաև պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին։