«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են ավելի լուրջ վերաբերվել իրենց խնդրին։ Նրանք այսօր հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ բարձրաձայնելով դեռևս մայիսին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ներկայացված իրենց խնդիրը․ նախկին նաիրիտցիները դատախազից պահանջել էին քրեական գործ հարուցել գործարանի տնօրինության դեմ։
Նրանց պնդմամբ՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ն իրենց ստիպել է ստորագրել պայմանագիր, ըստ որի՝ աշխատակիցները պետք է հրաժարվեին չվճարված աշխատավարձի վրա կուտակված տոկոսներից, այլապես ընդհանրապես չէին ստանա աշխատավարձերը: Նաիրիտցիների մեծ մասը ստիպված ստորագրել էր պայմանագիրը՝ աշխատվարձը ստանալու համար։
Ի պատասխան 700 նախկին աշխատակիցների կողմից ստորագրված նամակին, դատախազությունից ասել էին, որ դիմումում առկա չեն տվյալներ հանցագործության հատկանիշների վերաբերյալ և ուղղորդել էին վերջիններիս «դիմել պետական այլ մարմինների»։
Այսօրվա ակցիայի ժամանակ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը ասել է, որ ՀՀ դատախազության ուղարկած պատասխան նամակում նշվել է, որ մասնավոր շահերի պաշտպանությունը պետք է իրականացվի մասնավոր շահերի տիրույթում՝ քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով։
Նրա խոսքով՝ այժմ իրենք՝ նաիրիտցիները, պետք է ցույց տան, որ արժանի են ավելի լուրջ վերաբերմունքի․ «Այնպիսի վերաբերմունքի, որ իրենք պետք է անհանգստանան և հանդիպում փնտրեն մեզ հետ, որ լուծում տան մեր բարձրացրած հարցերին»։
Բողոքող աշխատակիցները Նախագահականից երթով շարժվել են դեպի Ազգային ժողով։ Նրանք հավաստիացրել են, որ չեն դադարի պայքարը մինչև չստանան իրենց հասանելիք ամբողջ գումարը և չհասնեն «Նաիրիտ»-ի վերագործարկման։
Նախկին նաիրիտցիները պատրաստվում են ևս մեկ բողոքի ակցիա անցկացնել վաղը՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց։