հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Համաշխարհային բանկն աղքատացնում է Հայաստանը․ ակցիա հանքերի դեմ

Համաշխարհային բանկն աղքատացնում է Հայաստանը․ ակցիա հանքերի դեմ

Համաշխարհային բանկն (ՀԲ) անընդհատ նշում է, որ իր կայուն կամ պատասխանատու հանքարդյունաբերությամբ նպաստում է երկրների զարգացմանը, սակայն դա իրականում աղքատացում է բերում Հայաստանի նման փոքր երկրներին։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի մուտքի մոտ այսօր առավոտյան կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ։

Նույն ժամանակ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը «Հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի կառավարման փաստաթղթի նախագծի քննարկում» թեմայով աշխատաժողով էր անցկացնում Ամերիկյան համալսարանում։ Մասնակցության հրավեր էր ուղարկվել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, բնապահպաններին։ Ի պատասխան հրավերի՝ մի շարք բնապահպաններ, «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը, ինչպես նաև նրանց միացած մի քանի քաղաքացիներ բոյկոտել են այն։ Աշխատաժողովին մասնակցելու փոխարեն նրանք ակցիա են անցկացրել Համալսարանի մուտքի դիմաց՝ «Դուք հանքարդյունաբերությամբ եք զբաղվում, մենք մեռնում ենք», «Ձեռքերդ հեռու Հայաստանից», «Ոչ Ամուլսարի հանքին» գրություններով պաստառներով։ Ակցիայի մասնակիցները աշխատաժողովի մասնակիցներին էին հանձնում նաև բաց նամակ՝ ուղղված ՀԲ֊ի հայաստանյան գրասենյակին։

«Այսպիսի հանդիպումներով նրանք ցանկանում են լեգիտիմացնել հանքարդյունաբերությունը։ Մենք բոյկոտոմ ենք և չենք ուզում մեր մասնակցությամբ լեգիտիմացնել նրանց որոշումները։ Մենք չենք ուզում, որ հանքարդյունաբերությունը խժռի մեր երկիրը», – ասել է ակցիայի մասնակից Անի Խաչատրյանը։

ՀԲ֊ին ուղղված բաց նամակում նշված են մի շարք սկզբունքային հակասություններ, որոնց պատճառով բնապահպանները մերժել են մասնակցել այդ աշխատաժողովին։

«Համաշխարհային բանկի այն պնդումը, որ Հայաստանում անքարդյունաբերության կազմակերպումը տնտեսական աճ կապահովի, պարզ չէ՝ հանուն ո՞ւմ և հանուն ինչի՞․․․ Համաշխարհային բանկը ոչ միայն ակնհայտորեն սատարել է Ջերմուկի հարակից տարածքներում Ամուլսարի ավերիչ հանքարդյունաբերական ծրագիրը, այլև իր խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի անմիջական բաժնետիրական շահերն է պաշտպանել «Լիդիան ինթերնեշընըլ» օֆշորային ընկերությունում։ Մենք մերժում ենք «առաջին աշխարհի» երկրներին հումք մատակարարող կցորդ մնալու ապագան, և վե՛րջ: Մենք պնդում ենք, որ «պատասխանատու հանքարդյունաբերությունը» միֆ է, քանի որ հանրային վերահսկողության բացակայության, մասնավորի գերիշխանության պաշտպանության, վերահսկող օրենքների և նորմատիվների թուլացման, աշխատավորների շահերը պաշտպանող կառույցների և տեսչությունների վերացման, բնապահպանական նորմատիվների բացակայության կամ ձևական լինելու պարագայում, բացի մասնավոր ընկերություններից և նրանց ֆինանսավորողներից, մնացած բոլորը պարտվում են, մնացած բոլորի հետ էլ քայքայվում է բնությունը։

Հանքարդյունաբերությունը Հայաստանում խիստ բացասական ազդեցություն է ունենում մարդկանց առողջության, բնական միջավայրի, տնտեսության բազմաճյուղ զարգացման հնարավորության վրա և այլն: Հայաստանի Հանրապետության 29.7 հազար քկմ տարածքում արդեն իսկ տրված են 460 հանքարդյունաբերական լիցենզիաներ, որոնցից 27-ը՝ մետաղական հանքերի համար. ևս 85-ը հետազոտման տարբեր փուլերում են: Արդյունքում՝ 23 բաց կամ փակ պոչամբարներում ունենք արդեն 800 միլիոն տոննա թունավոր թափոններ՝ հագեցած ծանր մետաղներով և այլ վտանգավոր գոյացություններով․․․ Մեր դիրքորոշումը հստակ է՝ այլևս ոչ մի նոր հանք, այդ թվում՝ Ամուլսարի հանքը, Հայաստանում չպետք է բացվի, իսկ եղածների մի մասն էլ պիտի փորձաքննություն անցնի և փակվի», ֊ մասնավորապես, նշված է բաց նամակում։