հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / 2011-ին հանքարդյունաբերության համար վերցված հողերի տերերին դեռ չեն վճարել

2011-ին հանքարդյունաբերության համար վերցված հողերի տերերին դեռ չեն վճարել

Արդեն 4 տարի է՝ Սյունիքի մարզի Չափնի գյուղի շուրջ 60 հա տարածք ունեցող արոտավայրերն օտարվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»֊ին, սակայն հողերի նախկին սեփականատերերին դեռևս փոխհատուցում չի տրվել։ Այս մասին այսօր Epress.am֊ի հետ զրույցում ասել է Չափնիի գյուղապետ Նորայր Թումանյանը։ Նրա խոսքով՝ ինքը վերջին անգամ 8-9 ամիս առաջ է գրել ֆաբրիկայի տնօրենին և ստացել է պատասխան, թե նոյեմբերին գումարները կտրվեն։

«Մարդիկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությամբ որոշումները ձեռքներին հիմա էլ նոյեմբերին են սպասում»,֊ ասել է համայնքապետը։

2011 թվականին Կառավարության որոշմամբ՝ Չափնիի արոտավայրերը բացառիկ գերակա շահ են ճանաչվել և դրանց նպատակային նշանակությունը փոփոխվել է արդյունաբերականի։

Գյուղապետի խոսքով՝ կոմբինատի 5 տարվա գործունեության ազդեցությունն իրենց համայնքում անզեն աչքով է երևում, և էկոլոգիական հետազոտությունների կարիք չկա։

«Այստեղ աշխատող էլ չկա, տարածքներում ընդամենը խողովակներով բերում լցնում են կոմբինատի թափոնները։ Ահավոր հոտից մարդիկ մեռնում են, աշխատել չի լինում, ճնշումներս բարձրանում է։ Առաջ մեր մոտ գիլաս էր աճում, հիմա չի աճում։ Փոշին բարձրանում է, նստում է ամեն ինչի վրա, փոքր երեխեք են, չեն հասկանում, վարունգը քաղում, առանց լվալ ուտում են, չենք կարողանում հետևել։ Դիմել եմ նամակով կոմբինատի տնօրենին՝ գոնե ինչ֊որ բան անի էս գյուղացիների համար, մի մեքենա առնի։ Ասում է՝ թող Կառավարության որոշում լինի, կառնեմ։ Իրար վրա են գցում էլի»,֊ ասել է Թումանյանը։

Նա նշել է՝ իրենց համայնքում ապրում է 40 ընտանիք, սակայն, եթե այսպես շարունակվի, այդ ընտանիքներն էլ կհեռանան։