Խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները տարիներ շարունակ տարբեր պետական կառույցների շենքերի մոտ, հանրային միջոցառումների ժամանակ բողոքել, ակցիաներ են արել իրենց որդիների սպանության դեպքերը բացահայտելու պահանջով, սակայն Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, պարզվում է, մինչև օրս կա՛մ տեղյակ չեն սևազգետի մայրերի բողոքից, կա՛մ մասամբ են տեղյակ, կա՛մ ձևացնում են, թե տեղյակ չեն: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր Ազգային ժողովի մուտքի մոտ (Դեմիրճյան փողոցի կողմից) հավաքված ծնողներին ասել է. «Ես ուղղակի վստահ չեմ, որ ինչ-որ բանի հասնելու եք»:
«Շատ երկար ժամանակ է անցել (զինվորների մահվան դեպքերից-խմբ.) կարծես թե հակվածություն չկա [դեպքերը բացահայտելու]… : Ես չգիտեմ՝ ով է մեղավորը: Սիրտս ցավում է ձեր վիճակի համար: Ձեզ շատ են տանելու֊բերելու, դուք արդեն շատ տանջանքի մեջ եք: Ես հասկանում եմ ձեր ցավը, ուղղակի չգիտեմ, ոնց կարելի է ձեզ օգնել», – ասել է Սարգսյանը սևազգեստ մայրերին՝ հավելելով՝ «չի օգնելու ոչ մի բան»: Նրա խոսքերը վրդովվեցրել են այնտեղ հավաքված հինգ ծնողներին:
Սևազգեստ մայրերը հիշել են, որ տարիներ առաջ նույն Սարգսյանը, ծանոթանալով իրենց որդիների մահվան գործերին, վերջում ասել էր. «Շատ քիչ եք թվով…»:
«Սուս մնացեք, ես տենց եմ հասկանում նրա ասածը (նկատի ունի Լյուդմիլա Սարգսյանի ասածը-խմբ.)… ու էդ կին ա, էդ մայր ա. քանի շունչս փչում ա՝ պայքարելու եմ», – ասել է 2001 թվականին մահացած Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտը Մկրտչյանը:
2007 թվականին մահացած Տիգրան Օհանջանյանի մայրն էլ՝ Գոհար Սարգսյանը, նշել է. «Բոլորի մայրերին էլ տենց են հանգստացրել (նկատի ունի ապրիլյան քառօրյա պատերազմում մահացած զինվորների ծնողներին-խմբ.)…ասում ա՝ նստեք ձեր տներում»:
Մահացած զինվորների ծնողներն այսօր հավաքվել էին իրենց խոսքով «թքելու այն պատգամավորների երեսներին», որոնք սեպտեմբերի 30-ին՝ ԱԺ-ում Պետիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ոչ միայն դեմ են քվեարկել իրենց որդիների մահվան գործեր քննելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, այլև որոշումն ընդունելուց հետո ծափահարել էին։ Նախագիծը ներկայացրել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Այսօր էլ ծնողներին զայրացրել է, մասնավորապես, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը։ Մայրերի հարցին, թե ինչու որոշումը չընդունվեց, ինչու իրենց կուսակցությունը դեմ քվեարկեց՝ «ձեր դուրը եկա՞վ դա», Մկրտչյանը պատասխանել է. «Շատ էլ դուրս եկավ, ինչ ա եղել որ»:
Մեկ ժամից ավել ԱԺ-ի մուտքի մոտ կանգնած մայրերին մոտեցել են մի շարք այլ պատգամավորներ՝ անկուսակցական Արագած Ախոյանը, ԲՀԿ֊ական Միքայել Մելքումյանը: Նրանցից յուրաքանչյուրը ծանոթացել է ծնողների պահանջին, այս կամ այն կերպ խոստացել օգնել:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ճանաչել է մահացած զինվորների մայրերին, բայց, այնուամենայնիվ, նշել է. «Ես մանրամասները չեմ իմանում մայրիկ ջան, ինչ իմանամ… բայց ամեն ինչ կանենք, ազիզ ջան»:
Չնայած պատգամավորների խոստումներին, նրանցից ոչ մեկն այսօր ԱԺ նիստում խնդրի մասին չի բարձրաձայնել:
Մինչ մահացած զինվորների ծնողները ակցիա էին անցկացնում դրսում, այդ պահին ընթացող ԱԺ լիագումար նիստում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ծրագիրը ևս մեկ անգամ մերժվել է: