Նոյեմբերի 24-25֊ի ընթացքում ընթացքում՝ ՀՀԿ 16-րդ համագումարից մեկ օր առաջ, կտրուկ աճել է իշխող Հանրապետական կուսակցության անդամների թիվը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին խոսել են ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը և ԲՀԿ֊ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ անդամագրումը շատ դեպքերում արվել է հարկադրաբար։
Զոհրաբյանի խոսքով՝ միայն վերջին շրջանում 7 հազար մարդու պարտադրել են ՀՀԿ մտնել։ Դրան ի պատասխան՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ պատգամավորը չափազանցնում է։
«Խնդրում եմ՝ ասեք, ձեր վարչապետը և հինգ նախարարները, եթե չլինեին վարչապետ ու նախարար, [ՀՀԿ անդամակցելու] դիմում գրելո՞ւ էին: Թե էդ օրը բոլորը միասին պայծառատես դարձան ու որոշեցին, որ ընդունելու են էդ գաղափարախոսությունը։ 1100 դպրոցի տնօրեն հանրապետական է, կամավո՞ր է»,֊ իր հերթին, ՀՀԿ պատգամավորներին հարց է ուղղել Արամ Մանուկյանը։
Ըստ նրա՝ նույնիսկ ամենակուսակցականացված երկրներում գոյություն չունի նման վիճակագրություն․ Հայաստանում կա 157 000 հանրապետական, ինչը բնակչության 8 տոկոսն է․ «Զռռում է, որ նման բան չկա, որ սա ֆիկցիա է։ Ես ունեմ ծանոթներ, որոնց երկրորդ, երրորդ անգամ հանրապետական կուսակցության անդամ են դարձնում»։
Արամ Մանուկյանը նաև ընդգծել է՝ գոյություն ունի սկզբունք, որ ուժային կառույցների ներկայացուցիչները չպետք է դառնան կուսակցական։
«Վիգեն Սարգսյանը (Պաշտպանության նախարար) ինչի՞ մտավ Հանրապետական»,֊ ասել է Արամ Մանուկյանը։
Նշենք, որ մինչ այժմ գործող օրենքը արգելում է դատավորների, դատախազների, Քննչական կոմիտեի աշխատակիցների, Հատուկ քննչական ծառայության ծառայողների, ինչպես նաև Ազգային անվտանգության, Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների աշխատակիցների կուսակցականացումը։ Նոր օրենքի նախագծում այս ցանկից հանվել են Ազգային անվտանգության, Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների աշխատակիցները, և ավելացվել են Հանրապետության նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները: