Գլխավոր / Ազգային ժողով / «Անհարգալից»․ քաղհասարակության հարցերին պատասխանել են միայն 4 քաղաքական ուժեր

«Անհարգալից»․ քաղհասարակության հարցերին պատասխանել են միայն 4 քաղաքական ուժեր

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որն ընդգրկում է 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ, հարցեր էր ուղղել ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերին՝ տարբեր խնդիրների հետ կապված դիրքորոշումն ընտրողներին ներկայացնելու նպատակով: Նախօրոք մշակված հարցաշարը վերաբերվում է սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական արդիական հիմնախնդիրներին։

Չնայած, որ հարցաշարին պատասխանելու վերջնաժամկետից անցել է արդեն 13 օր, սակայն 64 հարցից բաղկացած հարցաշարին պատասխանել են 9-ի քաղաքական ուժերից միայն 4-ը՝ ՀՅԴ-ն, «Ելք» դաշինքը, ՕՐՕ դաշինքը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։ Կոմունիստները չեն ունեցել էլեկտրոնային հասցե և չեն կարողացել նրանց այդ ճանապարհով հարցեր ուղղել։ Նրանք տպագիր տարբերականին հետագայում նույնպես չեն պատասխանել։

Այն քաղաքական ուժերը, որոնք չեն պատասխանել ներկայացված հարցաշարին, ըստ կազմակերպիչների, անհարգալից և արհամարական» վերաբերմունք են ցույց տալիս ընտրողների նկատմամբ։

Բացի քաղաքական ուժերին հարցեր ուղղելուց՝ նույն հարցաշարով հարցումներ են իրականացվել նաև Հայաստանի տարբեր մարզերում, որին մասնակցել է 801 քաղաքացի:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյումրու ավագանու անդամ, «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Լևոն Բարսեղյանը ներկայացրել է 4 քաղաքական ուժերի և հարցված քաղաքացիների պատասխանները։

Այն հարցին, թե արդյոք երկու կամ ավելի գաղափարապես տարբեր կուսակցություններին անդամակցած լինելը չի վկայում տվյալ գործչի գաղափարական անկայունության մասին, ՀՅԴ-ն ասել է, որ ոչ չի վկայում, մյուս երեքը և հանրության 63․5 % ասել են, որ վկայում են։

Արդյոք կարելի է լուրջ ընդունել իշխանության կազմում կամ իշխանության հետ սերտ համագործակցած այն գործչին, որ քննադատում է իշխանության վարած քաղաքականությունը․ ՀՅԴ-ն և ՕՐՕ-ը համարում են, որ կարելի է լուրջ ընդունել նման գործչին, իսկ «Ելք»-ը, «Ազատ դեմոկրատները» և հանրության ճնշող մեծամասնությունը համարում են, որ ոչ։

Բոլոր 4 կուսակցությունները և հարցվածների 73․8 %-ը համաձայնել են, որ ծառայողական մեքենաները պետք է կրճատել։

Գևորգ Սաֆարյանին հարցվածների 35․5 տոկոսը և հացմանը պատասխանած 3 քաղաքական ուժերը համարել են քաղբանտարկյալ։ ՀՅԴ-ն, Լևոն Բարսեղյանի խոսքով, տվել է «դասագրքերում ընդգրկման ենթակա պատասխան»․ «Չափանիշները կուսակցությունները չեն որոշում»։ Հանրության 26․5 տոկոսը Սաֆարյանին քաղբանտարկյալ չի համարել, իսկ մնացած մասն էլ դժվարացել է պատասխանել։

Ընտրվելու դեպքում ՀՅԴ-ն պատրաստ չէ ընդունել ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը, որի համաձայն՝ բռնարարը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Մնացած քաղաքական ուժերը և հանրության 77% համարել է, որ պետք է ընդունվի։

Դաշնակցականներն են միայն համարում, որ 2016 թվականի հուլիս-օգոստոս ամիսների հավաքների ժամանակ ոստիկանության պահվածքը հավաքների մասնակիցների նկատմամբ օրինական է։

Նույնասեռականները, բոլոր 4 քաղաքական ուժերի կարծիքով, պետք է ունենան նույն իրավունքները, ինչպես մյուս քաղաքացիները։ Սակայն հարցվածների մեծամասնությունը՝ 69․9 % համարել է, որ չեն կարող ունենալ։

Հարցվածների 2/3-րդը համարում է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելն առանց վերջինիս կողմից ցեղասպանության ճանաչման անընդունելի է, իսկ մյուս մասը և բոլոր քաղաքական ուժերը համարում են, որ դա հնարավոր է։

«1000 դրամներ»-ի օրենքին դեմ են եղել ՀՅԴ-ն և հանրության 71․5 %-ը։