Պաշտպանության նախարարությունում այսօր կայացել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը։ Նիստի ժամանակ խորհրդի նախագահ է ընտրվել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, տնօրեն՝ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը։ Հաստատվել են նաև հիմնադրամի բյուջեի ծախսերը։ Հիմնադրամը տնօրինելու է յուրաքանչյուր աշխատողից հավաքվող ամսական 1000 դրամ գումաները։ Օրենքով նախատեսվում է գումարներ հատկացնել մարտական գործողությունների ընթացքում զոհված, անհայտ կորած կամ վիրավորված զինծառայողներին։
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հոգաբարձուների խորհրդի անդամների ցանկը։ 3 անդամ ընտրվել է 3 հասարակական կազմակերպություններից՝ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, «Երկրապահ» կամավորականների միությունից Մեսրոպ Մանուկյանը և «Արար» հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Մեհրաբյանը։ 3 անդամ ընտրվել է Կենտրոնական բանկից։
Ավելի վաղ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պնդել էր, որ հիմնադրամը ավելի շատ հասարակական կենտրոնով է կառավարվելու․ «Հիմնադրամի անդամներից ոչ մեկը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը չի լինելու»։ Չնայած դրան՝ այսօրվա նիստին Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Կառավարության կողմից որպես խորհրդի անդամ իր թեկնածությունն է ներկայացվել։
Պաշտպանության նախարարը միաձայն ընտրվել է խորհրդի նախագահ, քանի որ, ըստ ներկաների, հենց նրանն է եղել այս հիմնադրամի միտքը։ Հիմնադրամի տնօրեն է ընտրվել Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը:
Սարգսյանը նշել է, որ ևս մեկ տեղ է պահվել ընդդիմադիր դաշտի թեկանածուի համար․ այդ տեղը թափուր կմնա մինչև առաջիկա ընտրություններից հետո հաստատվի Ազգային ժողովի կազմը․ «Ամենամեծ խմբակցություն ունեցող ընդդիմադիր կուսակցությունը կառաջարկի խորհրդին իրենց ներկայացուցչին»։
Նիստի ժամանակ հաստատվել է նաև հիմնադրամի 2017 թվականի բյուջեն: Ծախսերը ներկայացրել է Ավետիքյանը։
«Առաջիկա հինգ տարիների ընթացքում Կենտրոնական բանկը պետք է անվճար կառավարի այս հիմնադրամը: Երկու ծախս կա, առաջինը՝ հատուցումների վճարումներն են: Նախատեսել ենք 1 միլիարդ 731 միլիոն դրամի չափով ծախս, դրանք հատուցման գումարներն են: Այդ գումարը ակտուարական հաշվարկների հիման վրա է կազմաված՝ 100 զոհ և 50 վիրավոր հաշվարկով, որն այս տարվա համար որպես գումար պլանավորել ենք: Մի քիչ գեշ է հնչում, բայց ստիպված ենք որպես ֆինանասական պլանավորում դա անել։ Եվ 2-րդ ծախսը՝ 1 միլիոն դրամ բանկային ծառայությունների համար»։
Ընտրվել են նաև ֆոնդի համար հաշվապահներ, իրավաբաններ, ռիսկերի կառավարիչներ և այլն։ Կենտրոնական բանկից 15 հոգի անվճար զբաղվելու են ֆոնդի ֆինանսական խնդիրներով։
Վիգեն Սարգսյանը հարց է հնչեցրել, թե աշխատող քաղաքացին, որը պարտադիր վճարում է 1000 դրամը, կարո՞ղ է իր գործատուին հանձնարարել ավելի մեծ գումար գանձել իր աշխատավարձից․ «Բազմաթիվ նման հարցումներ են եղել։ Ընկերություններ կան, որոնք ասել են, որ յուրաքանչյուր աշխատակցի մասով մտադիր են վճարել ավելի մեծ գումարներ»։ ԿԲ-ի ներկայացուցիչը նշել է, որ դա հնարավոր է։