Home / Առողջապահություն / Դատարանը մերժել է Բաղրամյանում ինքնահրկիզվածի գործով հիվանդանոցի տնօրենի դեմ բողոքը

Դատարանը մերժել է Բաղրամյանում ինքնահրկիզվածի գործով հիվանդանոցի տնօրենի դեմ բողոքը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է Քննչական կոմիտեի 2016 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման բողոքարկումը, որով քրեական գործ չէր հարուցվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նորայր Դավիդյանի դեմ։ Վերջինս 2016 թվականի հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ակցիայի ժամանակ ինքնահրկիզում կատարած Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ էր հրապարակել։

Ինչպես տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, երեկվա նիստին չեն ներկայացել վարույթն իրականացրած քննիչ Խանումյանը և ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Պողոսյանը, որն այս նիստին պետք է ամփոփիչ խոսքով հանդես գար։

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում 2016 թվականի հուլիսի 30-ին ակցիայի ժամանակ ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի քույրը՝ Ալվարդ Գրիգորյանը, դատի էր տվել  «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոն»-ի տնօրեն, Առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանին՝ պնդելով, որ վերջինս բանսարկել էր իր եղբորը և բժշկական գաղտնիք համարվող տեղեկություն էր հրապարակել՝ հայտարարելով, որ Գրիգորյանը ՄԻԱՎ է ունեցել։ Բժիշկը Գրիգորյանի մահից հետո կոչ էր արել բոլոր նրանց, որոնք առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և շփվել այդ մարդու հետ, անցնել բժշկական գաղտնի քննություն։

Քաջիկ Գրիգորյանի քույրը հայտարարել էր, որ Դավիդյանը բանսարկել է իր եղբորը, քանի որ նա ոչ թե ՄԻԱՎ է ունեցել, այլ հեպատիտ C, ինչի համար երկու ամիս հետո պետք է գնար Ֆրանսիա բուժվելու։