Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի արդարացման վճռից հետո՝ 1 տարի անց, Վերաքննիչ դատարանը մեղավոր է ճանաչել 2013 թվականին 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ մեղադրվող Վանաձորի բնակիչ Կարեն Կունգորցևին։ Դատարանը բեկանել է 1-ին ատյանի վճիռը և երիտասարդին դատապարտել է 7 տարվա ազատզրկման։ Կունգորցևին դատարանի դահլիճից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Վճռի հեղինակներն են դատավորներ՝ Մհեր Արղամանյանը, Մանուշակ Պետրոսյանը և Մխիթար Պապոյանը։
Կարեն Կունգորցև
Կարեն Կունգորցևի շահերը պաշտպանող Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Նինա Կարապետյանցը Epress.am֊ի հետ զրույցում նշել է, որ երիտասարդին դատապարտել են առանց որևէ ապացույցի։ Նրա կարծիքով՝ տեղի ունեցածը վրեժխնդրություն է՝ ուղղված Կունգորցևի փաստաբան Արայիկ Պապիկյանի դեմ, որը նաև պաշտպանում է «Սասնա ծռերի» գործով անցնող մի քանի մեղադրյալների շահերը։
Կարապետյանցը նշել է նաև, որ իրենք պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան։
Կարեն Կունգորցևին անմեղ ճանաչելու աննախադեպ որոշումը 2016 թվականի ապրիլի 15-ին կայացրել էր Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Նարինե Հովակիմյանը, ում չէր խանգարել դատախազի 9.5 տարվա ազատազրկման պահանջը։
Ազատ արձակվելուց հետո Կունգորցևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարևորել էր այն փաստը, որ սպանված պատանու հայրը՝ Հակոբ Հովակիմյանը, պայքարել է իր ազատման համար, քանի որ վստահ է եղել, որ ինքն անմեղ է։
Կունգորցևը նաև պատմել էր, թե ինչպես են 2013 թվականի հոկտեմբերին ոստիկանները եկել իր աշխատավայր ու առանց բացատրությունների ձեռնաշղթաներով տարել ոստիկանության բաժանմունք․ «Ինձ ստիպում էին, որ ստորագրեմ թղթերի տակ, որոնց մասին տեղյակ չէի, ծեծելով ստիպում էին, որ մեղքն իմ վրա վերցնեմ, ասում էին՝ եթե իրենց ասածով անեմ, ամեն ինչ լավ կլինի։ Ինձ խոշտանգելու առթիվ 600 դիմում եմ ուղարկել բազմաթիվ կազմակերպություններ և գերատեսչություններ, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել դրանց»։
Հակոբ Հովակիմյանը, իր հերթին, նշել էր, որ գործին ծանոթանալուց հետո համոզված է եղել, որ իր որդուն Կունգորցևը չի սպանել․ «Երբ սկսեցի մանրամասն ուսումնասիրել գործը, հասկացա, որ Կարենը չի սպանել իմ որդուն, ոչ մի փաստ չկար, որը կապացուցեր նրա մեղավորությունը։ Իմ նպատակը նա չէր, որ ինչ-որ մեկը դատվի տղայիս սպանելու համար, ես էլ իբր հանգստանամ, իմ նպատակն արդարության հասնելն էր։ Դրա համար երբ հասկացա, որ Կարենը չի սպանել որդուս, ամեն ինչ արել եմ, որ նրան ազատ արձակեն ու դրա համար շատ շնորհակալ եմ նախագահող դատավորին։ Մինչև հիմա էլ Վանաձորում շշուկներ կան, որ որդուս սպանողը պաշտոնյայի որդի է»։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Վանաձորում զրույցներ կային, որ իրական սպանողն ԱԱԾ աշխատակցի որդի է։ Դրանց Epress.am֊ի հետ զրույցում անդրադարձել էր իրավապաշտպան Միքայել Դանիելյանը։
Կունգորցևի փաստաբան Արայիկ Պապիկյանը առաջին ատյանի վճռից հետո նշել էր, որ սպանության պահից իսկ իր պաշտպանյալի դեմ աշխատել է ոստիկանությունն ու մամուլը՝ խախտելով նրա անմեղության կանխավարկածը․ «Գործի լուսաբանումը մամուլում հենց սկզբից ընթացել է անմեղության կանխավարկածի համընդհանուր խախտմամբ։ Առաջին իսկ օրվանից նշվեց մականուն (մամուլում նշվում էր, թե Կունգորցևի մականունը Քուրդ է֊խմբ․) և, իբր, հեղինակություն է նա։ Դրան հաջորդող օրերին սոցցանցերում և մամուլում տարբեր անձինք, չեմ կարող անգամ ասել, թե ինչ էին առաջարկում Կարենի հետ անել։ Ես նույնիսկ դատարանում՝ կալանքի սանկցիայի ընտրության ժամանակ, ասացի, որ հաշվի առնելով, թե ինչ է սպասվում Կարենին դրսում, գուցե ավելի ապահով է Կարենի համար, որ մնա ՔԿՀ-ում։ Եթե առաջին օրերի այդ հրապարակումները չլինեին, գուցե, նախաքննական մարմնի հետ մի քանի ամսում ամեն ինչ ավարտեինք և այսքան չձգվեր»։