Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի և Գլխավոր դատախազության կողմից ներկայացված դիմումների համաձայն՝ կարգապահական վարույթ է հարուցել «Սասնա ծռեր»-ի գործով անցնող մեղադրյալների փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ։ Epress.am-ի հետ զրույցում Պապիկյանը նշել է, որ դա փաստաբաններին լռեցնելու ձև է։
Համաձայն Շուշանյանի դեմ ոսիկանապետի ներկայացրած դիմումի՝ փաստաբանը լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում ոստիկանության հունիսի 28-ի գործողություններին գնահատականներ է տվել, իրավապահ մարմնի հասցեին հնչեցրել է անհարգալից արտահայտություններ, որով «վնասում է իրավապահ ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը»։
Շուշանյանը, մասնավորապես, նշել էր, որ «Ոստիկանական գործողությունները, որ իրականացվեցին «Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ, ես ոստիկանության հատուկ գործողություն եմ որակում։ Որովհետև ակնհայտ սադրիչ գործողությունների էին դիմում, այսինքն՝ առանձին ոստիկաններ հայհոյում էին «Սասնա ծռեր»-ի հարազատներին, համակիրներին։ Ամեն ինչ արվում էր, որ բախումներ հրահրվեն։ Պարզ է, որ եթե ոստիկանությունը նպատակ ուներ դիմելու սադրանքի, իրենք իրենց նպատակին հասան»։
Փաստաբանի խոսքով՝ «Սասնա ծռեր»-ի անդամներն իրենց հայտարարություններով իրենք են դատավարություն նախաձեռնելու «էդ վարչախմբի դեմ»։ «Դրանով է պայմանավորված էս ոչ ադեկվատ վարքագիծը, պահվածքը, որ նրանք դրսեւորում են, իսկ ոստիկանությունը օրենքից դուրս գործող կառույց է։ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանությունն իրավապահ մարմին չէ, զինված հրոսակախումբ է, որը պատրաստ է կատարել ցանկացած հանցավոր հրաման»։
Ինչ վերաբերում է Պապիկյանի դեմ Գլխավոր դատախազության դիմումին, ապա այս դեպքում էլ փաստաբանը լրատվամիջոցների և ֆեյսբուքյան հարթակի միջոցով անդրադարձել էր իր վստահորդ Արայիկ Խանդոյանի նկատմամբ խոշտանգումներին։
«․․․Վերջին 11 ամիսների ընթացքում դրանք կրել են շարունակական բնույթ, իսկ վերջին օրերին դրանք կրել են սանձարձակ բնույթ: Երբ 2016թ. օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի պաշտոնը ժողովրդի կամքին հակառակ զբաղեցնող անձը հայտարարեց, որ «անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով», մոռացել էր նշել, որ ինքն ու իր անձնական շահերը սպասարկող կամակատարներն օրենքից դուրս են, իսկ օրենքից դուրս գտնվող անձը ղեկավարվում է բացառապես անձնական վրեժխնդրությամբ: Արայիկ Խանդոյանն այդ վրեժխնդրության ֆիզիկական զոհն է: Ռեժիմը չի հասկանում, որ Ծուռ Արայիկի տեսակը չգիտի՝ ինչ է ֆիզիկական կամ մարմնական ցավը, ռեժիմը չի հասկանում, որ նրան բանտարկելը նոր ուժ է տվել նրա անկոտրում ոգուն: Միայնակ Գայլը ընդունում է նաև ազգադավ ռեժիմի մարտահրավերը. Հայտարարում ենք՝ պատասխանը լինելու է նույնը՝ Արայիկն այլ կերպ չի կարող,կստանաք թուրքին ու ազերուն համարժեք պատասխան: Դա միակ և արդարացի պատասխանն է, որն անհրաժեշտ է Հայաստանին ու հայ ժողովրդին, եւ այդ պատասխանը չի ուշանա։ Հայտարարում ենք նաև, որ վրեժխնդրություն լինելու է, քանզի որևէ բռնակալ ու նրան սպասարկող բանդա չի խուսափել ժողովրդական վրեժխնդրությունից», – ասվում էր Պապիկյանի հրապարակման մեջ։
Դիմումատուն նշել էր, որ դրանով «փաստաբանը փաստաբանական գործունեությանը չվերաբերող, վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելուն որևէ կերպ չառնչվող հարցերով իր հայացքներն է փոխանցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ավելին` անպարկեշտ ձևակերպումներով գնահատականներ է տվել պետական իշխանության մարմիններին, իրավապահ մարմիններին ու դրանց գործունեությանը, իրեն վերապահելով քրեական վարույթն իրականացնող մարմնի լիազորություններ՝ քրեաիրավական որակման է ենթարկել ոստիկանության ծառայողների գործողությունները, որոշակի տեղեկություններ է հայտնել իր պաշտպանյալից սպասվող հակահարվածի մասին․․․ Ընդ որում, փաստաբանը հանդես է եկել իր անունից, վերջինիս դատողությունները ձևակերպված են ոչ թե որպես անձնական կարծիք կամ գնահատական, այլ որպես բացարձակ ճշմարտություն»:
Փաստաբաններից երկուսի դեպքում էլ Փաստաբանների պալատը որոշել էր կարգապահական վարույթ հարուցել՝ հիմնավորումների մեջ նշելով, որ փաստաբանը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց, ինչը «կարող է նախադրյալներ ստեղծել փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելուն»։