Դատարանի նկուղում հունիսի 28-ի դատական նիստից հետո ոստիկանների կողմից ծեծի ենթարկված «Սասնա ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանը տուժող է ճանաչվել։ Նույն օրը ծեծի ենթարկված Արեգ Կյուրեղյանը, սակայն, դեռ տուժողի կարգավիճակ չունի։ Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին էլ սպառնացել են, թե «հաջորդն է» լինելու։
Մխիթար Ավետիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է, որ իր պաշտպանյալ Մխիթար Ավետիսյանին բռնության ենթարկելու փաստով հարուցված քրգործի շրջանակներում վերջինս տուժող է ճանաչվել: Փաստաբանն ընդգծել է, որ չնայած այդ հանգամանքին, մինչ այժմ գործում որևէ կասկածյալ ներգրավված չէ:
Արեգ Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ հայտնել է, որ քննություն իրականացնող մարմինն ուղղակի պարտավոր է իր պաշտպանյալին տուժող ճանաչել։
Փաստաբանները պնդել են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ հաշվեհարդար է տեղի ունենում։ Շուշանյանի խոսքով՝ ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատարը՝ փոխգնդապետ Արմեն Ղազարյանը, «Սասնա ծռեր» խմբի առաջնորդներից Վարուժան Ավետիսյանին զգուշացրել է՝ «հաջորդը դու ես, աղիքներդ թափելու եմ»: Փաստաբանը հավելել է, որ ոստիկաններն ինքնուրույն չեն իրականացնում վրեժը, նրանց հրահանգ է տալիս Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Ավան և Նոր-Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանների խոսքով՝ 15 ոստիկան հերթով մտնելով դատարանի խցերում պահվող կալանավորների սենյակ՝ ծեծել են նրանց։ Ոստիկանները նման քայլի էին դիմել, երբ նիստի ժամանակ Արեգ Կյուրեղյանը փորձել էր գրություն փոխանցել իր փաստաբան Արա Ղարագյոզյանին: Ոստիկանները խլել են թուղթը, Կյուրեղյանը պահանջել է, որպեսզի թուղթը վերադարձնեն, սակայն ոստիկանները հրաժարվել են դա անել: Փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ Կյուրեղյանը պահանջել է կա՛մ վերադարձնել թուղթը, կա՛մ իրեն դահլիճից դուրս բերել։ Դրանից հետո Կյուրեղյանին դահլիճից դուրս էին տարել ու անմիջապես սկսել հարվածել։ Դատարանի նկուղում ծեծի էին ենթարկվել նաև խմբի անդամներից Արայիկ Խանդոյանին, Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին։