հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / «Սասնա ծռեր» խմբի անդամները վտանգի մեջ են․ նրանց ուղեկցում է ծեծը ղեկավարած փոխգնդապետը

«Սասնա ծռեր» խմբի անդամները վտանգի մեջ են․ նրանց ուղեկցում է ծեծը ղեկավարած փոխգնդապետը

«Սասնա ծռեր» խմբի անդամները շարունակում են վտանգի մեջ մնալ դատարանի նկուղում։ Այնտեղ նրանց հետ է հունիսի 28-ին խմբի անդամների ծեծը ղեկավարած փոխգնդապետ Արմեն Ղազարյանը, ահազանգում է փաստաբանը։

Ավան և Նոր-Նորք համայնքների դատարանում խմբի 14 անդամների գործն այսօր պետք է մեկնարկեր դատավորի ինքնաբացարկի հարցի քննությամբ։ Նիստի մեկնարկին մի քանի ամբաստանյալներ դահլիճում չեն եղել։

Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը խնդրել է մինչև ինքնաբացարկի միջնորդությանն անցնելը նախ բացակա պաշտպանյալներին բերել դատական նիստերի դահլիճ։

«Ինչպես գիտեք, իմ պաշտպանյալները խոշտանգումների են ենթարկվել, դա արել է փոխգնդապետ Ղազարյանը, որը շարունակում է նրանց բերել դատարան։ Եվ հիմա հնարավոր է, որ խմբի անդամները նման վերաբերմունքի են ենթարկվում», – ասել է Ղարագյոզյանը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը վստահեցրել է, որ չի կարող նման բան լինել։ Գաբրիելյանն ընդգծել է, որ Արայիկ Խանդոյանի նկատմամբ սանկցիա է կիրառված, այդ իսկ պատճառով նա դահլիճում չէ։ Այնուհետև դատավորը հետաքրքրվել է դատական կարգադրիչներից՝ արդյոք հիմա դահլիճում է Ղազարյանը։ Մի քանի անգամ կողքերը նայելուց հետո դատավորը վստահեցրել է, որ Ղազարյանը դատական նիստերի դահլիճում չէ, և փորձել է կրկին անցնել ինքնաբացարկի միջնորդությունը քննելուն։

Ղարագյոզյանը շարունակել է պնդել, որ ոստիկանը ներքևում՝ նկուղում է, իսկ դատավորը մի քանի անգամ փորձել է ընդհատել պաշտպանին։ Նա ասել է, որ ծեծի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ, և դատարանն այդ հարցը քննարկելու տեղը չէ․ «Դատարանը հիմա ի՞նչ պետք է անի»։

Դատավորն առաջարկել է դիմել «համապատասխան մարմիններին», քանի որ, ըստ նրա, դատարանի դահլիճում խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններ անելն անիմաստ է։

Ղարագյոզյանը հակադարձել է՝ ասելով, որ դեպքը տեղի է ունեցել Գաբրիելյանի ղեկավարած դատական նիստի ժամանակ, և նա ունի իր պատասխանատվությունը, հատկապես երբ ծեծի ժամանակ լսելի են եղել խոշտանգվողների ձայները։ Դատավորը դրան չի արձագանքել։

«Ձեր մասնակցությամբ են եղել այդ բռնությունները, Դուք չեք կարող արդարադատություն անել այս գործով։ Դուք չեք կառավարում այս նիստը։ Այն կառավարվում է Բ26֊ի (նախագահական նստավայրի֊խմբ․), Վովա Գասպարյանի և Դատական դեպարտամենտի կողմից», ֊ ասել է Ղարագյոզյանը։

Փաստաբանը նաև ասել է, որ անգամ նպատկահարմար չի գտնում դատավորին ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն, քանի որ անգամ դա Գաբրիելյանն ինքնուրույն չի որոշում։ Խանդոյանի պաշտպանի խոսքով՝ նա ամեն անգամ ընդմիջում է հայտարարում, որպեսզի զանգի ու ցուցումներ ստանա։

Դրանից հետո փաստաբաններից մի քանիսը պնդել են, թե դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը չի կարող քննվել, քանի որ մի շարք փաստաբաններ բացակայում են, իսկ դա պաշտպանյալների իրավունքների խախտում է։ Դատավորն ակնհայտորեն ջղաձգվել է և հայտարարել ընդմիջման մասին։

Լրագրողների հետ զրույցում Արա Ղարագյոզյանն ասել է, որ Գաբրիելյանը չի կարող իր սեփական վրդովմունքից ելնելով առանց պատճառաբանության հետաձգել դատական նիստը։

Անդրադառնալով ոստիկանության փոխգնդապետ Ղազարյանի հարցին՝ փաստաբանը նշել է, որ միջազգային պրակտիկան ենթադրում է՝ մարդը, որը քրեական գործով է անցնում որպես վկա, մեղադրյալ կամ կասկածյալ իրավունք չունի շփվել տուժողի հետ։ Նա ընդգծել է, որ գործի շրջանակներում իր պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը ներգրավվել է որպես տուժող։