հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / «Սասնա ծռերին» ծեծելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցման մասին հայտարարվեց մեկ շաբաթ անց

«Սասնա ծռերին» ծեծելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցման մասին հայտարարվեց մեկ շաբաթ անց

Մեկ շաբաթ անց միայն Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ օրեր առաջ քրեական գործ է հարուցվել հունիսի 28-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ««Սասնա ծռեր» խմբի անդամների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի» առիթով։

Չնայած Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ միջադեպ է տեղի ունեցել ամբաստանյալների և ոստիկանների միջև, սակայն մեղադրյալներից Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դեպքից մեկ օր անց ասուլիս էր հրավիրել հենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ և պատմել ոստիկանների կողմից կյազմակերպված աննախադեպ ծեծի մասին։ Պաշտպանների խոսքով՝ 15 հոգի հերթով մտնելով դատարանի խցերում պահվող կալանավորների սենյակ՝ ծեծել են նրանց։

Ոստիկանները նման քայլի էին դիմել, երբ նիստի ժամանակ Արեգ Կյուրեղյանը փորձել էր գրություն փոխանցել իր փաստաբան Արա Ղարագյոզյանին: Ոստիկանները խլել են թուղթը, Կյուրեղյանը պահանջել է, որպեսզի թուղթը վերադարձնեն, սակայն ոստիկանները հրաժարվել են դա անել:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ Կյուրեղյանը պահանջել է կա՛մ վերադարձնել թուղթը, կա՛մ իրեն դահլիճից դուրս բերել։ Դրանից հետո Կյուրեղյանին դահլիճից դուրս էին տարել ու անմիջապես սկսել հարվածել։ Դատարանի նկուղում ծեծի էին ենթարկվել նաև խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանին, Արայիկ Խանդոյանին, Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին։

Պաշտպանները նույն օրը տեսակցել էին խմբի անդամներին․ նրանք նշում էին, որ ծեծվածներն արյունազեղումներ ունեն աչքերի և գլխի շրջանում։

«Նկատի ունենալով, որ միջադեպից հետո քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված կալանավորների մարմնի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ վերջիններիս հայտարարության, պատճառվել են ոստիկանների կողմից, դեպքի առթիվ ավելի վաղ նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ», – հաղորդում է ՀՔԾ֊ն։