Հրանտ Դինքի գործը ստիպում է Թուրքիային փոխզիջումների՞ գնալ
Թուրքիան այլևս չի փորձելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պաշտպանել կամ հակընդդեմ հայց ներկայացնել խոսքի ազատության խախտման հետ կապված մեղադրանքների դեպքում: Փոխարենը թուրքական կողմը փորձելու է բարեկամաբար լուծել նման գործերի ելքը հայցվորների հետ: Այս մասին այսօր NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
«Այն դեպքերում, երբ մեր օրենքերը հակասության մեջ են մտնում համաշխարհային կամ եվրոպական դատարանի սկզբունքների հետ, Թուրքիան միշտ չէ, որ պաշտպանվելու է: Մենք արդեն աշխատում ենք այս խնդրի վրա, փորձում ենք հասկանալ` ինչ կարգի քայլեր մենք պետք է ձեռնարկենք, որպեսզի նման դեպքերում խնդիրը լուծենք առանց դատական գործընթացի միջով անցնելու», - ասել է Դավութօղլուն:
Նշենք, որ Թուրքիան կտրուկ փոխեց իր դիրքորոշումն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել բավարարել Հրանտ Դինքի ընտանիքի հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության:
Ըսը այդմ, Թուրքիայի Հանրապետությունը դատապարտվել է Հրանտ Դինքի կյանքի անվտանգությունը չապահովելու և կարծիքի ազատությունը արգելելու մեղադրանքներով: Epress.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վճիռը պաշտոնապես հրապարակվելու է սեպտեմբերի 14-ին, Հրանտ Դինքի ծննդյան օրվանից մեկ օր առաջ:
Նշենք, որ այս պահին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայի դեմ 13,000 հայց է ներկայացված:
Հեռուստահարցազրույցի ընթացքում Ահմեթ Դավութօղլուն նշել է, որ 2009թ. սեպտեմբերից ինքն անձամբ է զբաղվում կարևորագույն հայցերով և շատ դեպքերում նա խորհուրդ է տվել բարեկամական լուծման գնալ:
Թուրքիան Դինքի ընտանիքին նույնպես առաջարկել էր բարեկամաբար լուծման գնալ, սակայն Հրանտ դինքի փաստաբանները ընտանիքի անունից մերժել էին այդ առաջարկը:
Փաստաբան Արզու Պեճերիքը «Ակոսի» հետ զրույցում հայտնել է, որ Հրանտ Դինքի սպանության գործով ողջ դատավարության ընթացքում իրենց պահանջները շարունակաբար մերժվել են, բացի այդ, «բարեկամական լուծման» տարբերակը խիստ կասկածելի է թվում: Ըստ Պեճերիքի, կառավարության ազնվությանը կասկածելու պատճառ է նաև այն, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արգելել էր հետաքննություն սկսել պարզելու համար` արդյոք երկրի Ազգային անվտանգության գործակալությունը որևէ առնչություն ունի Դինքի սպանության հետ:
Դավութօղլուն իր հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Դինքի գործին` նշելով, որ առաջարկելով բարեկամաբար լուծել հարցը` Թուրքիան ընդունում է, որ Դինքի հետ կապված երկու գործերում (խոսքի ազատության սահմանափակումը և կյանքի ազատության սահմանափակումը) լուրջ տարբերություններ կան, և պատրաստ է անել այն, ինչ հարկավոր է:
Սակայն Թուրքիայում Ահմեթ Դավութօղլույի խոսքերը թերհավատորեն են ընդունվել:
Պատգամավոր Հասիպ Կապլանը, ով ներկայացնում է «Անկախություն և ժողովրդավարություն» կուսակցությունը, Hurriyet-ի հետ զրուցյում նշել է, որ նման գործերում առաջընթաց ապահովելու համար Թուրքիան պարզապես պետք է չեղյալ համարի հայտնի 301 հոդվածը, ինչպես նաև 215, 216, և 220 հոդվածները, որոնք վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարին:
Նույն կարծիքն է հայտնել փաստաբան Քամիլ Թեքինսյուրեքը, ով հետևում է դատավարության ընթացքին: Նրա խոսքով` Թուրքիայի իշխանությունների կողմից կայացրած որոշումն անկեղծ չէ և կայացվել է միայն Դինքի դեպքի համար:
Շատերը նշում են, որ Թուրքիայի կառավարությունը նման քայլի գնաց միայն այն ժամանակ, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դինքի գործով որոշումը կայացվեց:
«Եթե անգամ Թուրքիան պատրաստ է բարեկամաբար լուծում գտնել դեպքերից շատերում, հայց ներկայացրածների հիմնական մասը չի համաձայնի ընդունել դա, որովհետև նրանց նպատակը ոչ թե փոխհատուցում ստանալն է, այլ ապացուցելը, որ Թուրքիան մեղավոր է», - ասել է Թեքինսյուրեքը: