Գլխավոր / Армения / Լկտի, անդաստիարակ աղջիկներին չեմ ընդունում. Սփյուռքի նախարար

Լկտի, անդաստիարակ աղջիկներին չեմ ընդունում. Սփյուռքի նախարար

Սեպտեմբերի 29-ին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անցկացնել «Միսս հայ» գեղեցկության մրցույթ։ Դրան կարող են մասնակցել բոլոր հայկական գաղթօջախների աղջիկները, իսկ եզրափակիչ փուլը կանկացվի Երևանում։

Նախարարի խոսքով` բացի արտաքին տվյալներից, հայ գեղեցկուհիները պետք է լավ հայերենի տիրապետեն, ճանաչեն հայկական խոհանոցը, իրենց վարքուբարքով պահպանեն հայ կնոջ կերպարը:

Epress.am-ի խնդրանքով տիկին Հակոբյանը փորձեց պարզաբանել, թե ինչպես է սահմանվում «հայ կնոջ կերպարը»:

«Ես, ճիշտն ասած, լկտի, անդաստիարակ աղջիկներին չեմ ընդունում», –  խոստովանեց նախարարը: Իր պատկերացմամբ` կինը պետք է «չափավոր» լինի:

«Նաև չեմ ընդունում ժուռնալիստներին, որոնք գրիչ են բարձրացնում և փորձում են հայկական ավանդական կերպարի մասին լկտիություն գրել թերթերում», – եզրափակեց նախարարը:

Շարունակելով մրցույթի թեման` Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ այն կազմակերպվում է Սփյուռքի երիտասարդության առաջարկով. «Դա նշանակում է տեղում երիտասարդության ակտիվացում, հայրենիքի նկատմամբ վերաբերմունք, նշանակում է սփյուռքը սփյուռքի հետ կապերի ուժեղացում, հայ և սփյուռքի երիտասարդության միջև կապերի ուժեղացում»:

Նախարարն ասաց, որ մրցույթով զբաղվում են մասնագիտացված կառույցներ, դրանք էլ կմշակեն չափանիշները:

«Համաշխարհայնացման այս գործընթացներում կարելի է շատ լավ բաներ ընդօրինակել, իսկ վատը չընդօրինակել: Շատ արագ է փոփոխվում աշխարհը, շատ փոքրանում է: Մենք կարող ենք տարբեր երկրների բոլոր հասարակական երևույթները տեսնել և ընկալել, բայց հայ ավանդական կինը լավ մայրն է, լավ դուստրն է, լավ կինն է: Նրա բոլոր քայլերը, իրոք, հավասարակշռված են և չափված», – ասաց նախարարը` ցանկություն հայտնելով, որ հայ կինը միշտ «չափի մեջ լինի»:

Tekali Taxi