Գլխավոր / Հայաստան / «Դաշնակցությունը» ցանկանում է իշխանափոխության հասնել քաղաքակիրթ միջոցներով

«Դաշնակցությունը» ցանկանում է իշխանափոխության հասնել քաղաքակիրթ միջոցներով

Ընդդիմության մեջ լինելով` ընտրություններին մասնակցելը նման արատավոր ընտրական համակարգի պայմաններում չափազանց բարդ գործ է լինելու: Նման հայտարարությամբ այսօր ասուլիսին հանդես եկավ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` «Դաշնակցությունն» ամեն ինչ անում է, որ «արատավոր դրսևորումները» պակասեն. «Բայց այդքան էլ միամիտ չենք: Ես չեմ կարծում, որ հնարավոր լինի Ազգային Ժողովի ընտրություններին բացառել այդպիսի երևույթները, որոնք մենք տեսել ենք նախորդ ընտրությունների ժամանակ»:

Գնահատելով քաղաքական ուժերի հնարավորությունները սպասվող ընտրություններում` դաշնակցական գործիչը նշեց, որ «երբ ընտրություններից առաջ գումարում ես բոլորի ակնկալած ձայները, 1000 տոկոսին է մոտենում»:

«Ես լսում եմ նաև` կոալիցիան ասում է` մենք ունենք 80 տոկոս, էն 20 տոկոսը թող ընդդումությունն իրա մեջ բաժանի»: Նման խոսակցությունները Ռուստամյանն արհամարհանք համարեց ժողովրդի նկատմամբ:

«Եթե նախապես որոշել ենք` ով ինչքան ձայն է ստանալու, նշանակում է, մենք ուղղակի մեր ժողովրդին այդ ընտրությունների մեջ որպես գործոն բացառում ենք», – ասաց դաշնակցական գործիչը:

Նա բերեց այլ երկրների օրինակը, որտեղ հաճախ ընտրությունների միջոցով փոխվում է իշխանությունը:

«Բայց Հայաստանում, դժբախտաբար, առայժմ էդպիսի փաստ չունենք: Եվ հիմնական խնդիրը, որ մենք դրել ենք որպես ընդդիմություն, նոր որակի իշխանություններ ձևավորելու նպատակով իշխանափոխություն իրականացնել, և դա կատարվի նորմալ, քաղաքակիրթ երկրներին վայել ընտրական գործընթացների միջոցով», – եզրափակեց Ռուստամյանը:

Tekali Taxi