Գլխավոր / Армения / Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին առաջարկում են ուղղել սխալը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին առաջարկում են ուղղել սխալը

Oրերս Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանությունում հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին։ Սրբազանը Մեծ Բրիտանիա գործուղվել էր Մայր Աթոռի կողմից՝ միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով,  իսկ մերժման պատճառաբանությունը եղել է այն, որ դեսպանատուն հրավերի բնօրինակը չի ներկայացվել:

Այս կապակցությամբ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը բաց նամակ է հղել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին, որում հայտնում է, որ ինքը ափսոսանք և խորը հիասթափություն է ապրել` տեղեկանալով Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

«Կարծում եմ, որ դա անհարգալից մոտեցում է նախևառաջ ՀՀ քաղաքացու, ապա նաև Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորի նկատմամբ: Հարկ եմ համարում նշել, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Շիրակի մարզում և ամբողջ հանրապետությունում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող բանիմաց անձնավորություն է: Լինելով եկեղեցու ազնիվ սպասավոր և քրիստոնեական հավատքի նվիրյալ հետևորդ՝ սրբազանը նաեւ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության առաջամարտիկ է: Նրա հոգևոր, մշակութային եւ քաղաքացիական գործունեությունը ընդունվում ու խրախուսվում է թեմի հավատացյալների, և ընդհանրապես, Շիրակի մարզի բնակիչների կողմից:

Կարծում եմ, որ Սրբազանի հանդեպ դեսպանատան հյուպատոսական բաժնի նման վերաբերմունքը որպես անձնական վիրավորանք կընկալի Շիրակի մարզի ցանկացած քաղաքացի: Լավ իմանալով Սրբազանի ներդրումը ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների, համամարդկային արժեքների խրախուսման և տարածման բարդ գործում, մեզ համար անհասկանալի է, թե ի՞նչ հիմունքներով է հյուպատոսական բաժինը նման վարքագիծ դրսևորել: Հույս ունեմ, որ դա սխալմունք է, որը կշտկվի:

Այլապես դա կարող է ընկալվել որպես սխալ ուղերձ բոլոր նրանց, ովքեր չեն նահանջում Հայաստանում ժողովրդավարական արժեքների պաշտպանության հավատամքից»,- նշված է բաց նամակի մեջ:

Tekali Taxi