Գլխավոր / Армения / «Ա1+»-ի նախագահը տարբերություն է տեսնում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքի միջև

«Ա1+»-ի նախագահը տարբերություն է տեսնում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքի միջև

«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանի պարագայում կա անձնական վերաբերմունք «Ա1+»-ի հանդեպ, ինչպես դա առկա էր Ռոբերտ Քոչարյանի դեպքում, բայց ակնհայտ է, որ հիմա էլ կա քաղաքական դիրքորոշում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ա1+»-ի նախագահը խոսել է առաջիկայում կայանալիք հեռուստատեսությունների մրցույթի ժամանակ իր ընկերության հնարավորությունների մասին:

«Մենք մասնակցում ենք մրցույթին հաղթելու տրամադրությամբ, չնայած որ ի սկզբանե անհավասար պայմաններ են ստեղծված: «Ա1+»-ը մոնիտորինգի է ենթարկվել միջազգային մի կազմակերպության կողմից, որը հավատացնում է, որ մեր ծրագրերը բավական լավն են»,- ասել է Մեսրոպ Մովսիսյանը:

Նա նշել է, որ ծանոթանալով իրենց մրցակից «Արմնյուզ»-ի ներկայացրած ծրագրին, եկել է այն եզրահանգման, որ այն նման է մի շատ լավ հեքիաթի:

««Արմնյուզ»-ն աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերության տեխնիկական բազայով և նրա անձնակազմով: Սա լուրջ խախտում է, և ես չեմ հասկանում, թե պարոն Ամալյանն ինչպես չի նկատում սա: Այստեղից ևս ակնհայտ է դառնում, որ կա հստակ քաղաքական որոշում` կրկին անգամ եթեր չտրամադրել «Ա1+»-ին»,- նշել է բանախոսը:

Ի դեպ, «Ուրբաթ ակումբի ներկայացուցիչը, որտեղ տեղի էր ունենում ասուլիսը, նշել է, որ այսօրվա հրավիրված ասուլիսին պետք է ներկա լիներ նաև «Արմնյուզ»-ի ներկայացուցիչը, սակայն ինչ-ինչ պատճառաբանություններով չի ներկայացել:

Լուսանկարը` Azatutyun.org

Tekali Taxi