2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Հայաստանն ու Հնդկաստանը ցանկանում են խորացնել տնտեսական կապերը

Նոյեմբերի 10-ին մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Հնդկաստան:

Նյու Դելիում ՀՀ արտգործնախարարին է ընդունել Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամադ Համիդ Անսարին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Հնդկաստանի փոխնախագահն ասել է, որ իր երկիրը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման համար և արտգործնախարարի այցելությունը լավ առիթ է ի մի բերելու երկկողմ հարաբերություններում արձանագրված արդյունքները և համագործակցության նոր ծրագրեր մշակելու:
 
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը մեծ նշանակություն  է տալիս աշխարհի կարևորագույն երկրներից մեկի` բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը, և իր այցելության գլխավոր նպատակը հենց դա է:

Զրուցակիցներն ընդգծեցին քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը` այդ ենթատեքստում կարևորելով բարձր մակարդակի այցելությունների կազմակերպումը:  

Հնդկաստանի փոխնախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են երկկողմ տնտեսական և մշակութային կապերի խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը` գործարարների միջև շփումների ակտիվացման, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, գյուղատնտեսության, առողջապահության բնագավառներում փոխգործակցության առավել խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները:

Հնդկաստանի փոխնախագահի խնդրանքով` ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները և դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ առկա խնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: