Հայաստանն ու Հնդկաստանը ցանկանում են խորացնել տնտեսական կապերը
Նոյեմբերի 10-ին մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Հնդկաստան:
Նյու Դելիում ՀՀ արտգործնախարարին է ընդունել Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամադ Համիդ Անսարին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Հնդկաստանի փոխնախագահն ասել է, որ իր երկիրը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման համար և արտգործնախարարի այցելությունը լավ առիթ է ի մի բերելու երկկողմ հարաբերություններում արձանագրված արդյունքները և համագործակցության նոր ծրագրեր մշակելու:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս աշխարհի կարևորագույն երկրներից մեկի` բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը, և իր այցելության գլխավոր նպատակը հենց դա է:
Զրուցակիցներն ընդգծեցին քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը` այդ ենթատեքստում կարևորելով բարձր մակարդակի այցելությունների կազմակերպումը:
Հնդկաստանի փոխնախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են երկկողմ տնտեսական և մշակութային կապերի խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը` գործարարների միջև շփումների ակտիվացման, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, գյուղատնտեսության, առողջապահության բնագավառներում փոխգործակցության առավել խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները:
Հնդկաստանի փոխնախագահի խնդրանքով` ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները և դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ առկա խնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: